2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում է զոհվել Միքայել Բաբախանյանը։ Ընտանիքի 3-րդ որդին ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին։ Մոր՝ Լաուրա Գևորգյանի բնութագրմամբ՝ նա եղել է շատ հայրենասեր ու աշխատասեր երիտասարդ։
Միքայելը ծառայել է 2016-2018 թվականներին։
«Բանակ էլ գնաց։ Փառքով ծառայեց։ Մի անգամ չի տրտնջացել։ Բամբասանք է եղել մեր բանակի մասին, թե սոված են եղել, ծարավ են եղել կամ մերկ ու առանց վարտիքի են եղել։ Նման բան չի եղել։ Ծառայել է ուրախ, անհոգ ու կատարել է սերժանտի իր պարտականությունները»,-ասում է Միքայելի մայրը։
Հանուն հայրենիքի մղվող պատերազմին մասնակցելու համար Միքայելը մեկնել է սեպտեմբերի 29-ին։
Մայրը պատմում է, որ մինչև պատերազմի սկսելը որդին երկու անգամ երազ է տեսել, որ պատերազմ է սկսվելու։ Երբ իմացել է լուրը շտապել է մեկնել մարտի դաշտ։ Միքայելին մենակ չի թողել ավագ եղբայրը՝ Սարգիսը։ Նախապես որոշել էին՝ երկուսով պետք է գնային։
«Սեպտեմբերի 29-ին զանգ ստացան, որ պետք է գնան պատերազմ։ Ուշ ժամ էր, արագ լողացան ու ասացին՝ մամ, պետք է գնանք հենց հիմա։ Գնացին․․․։ Համբուրեցի երկուսին, Միքայելը գնաց դեպի մեքենան, հետո ետ դարձավ, նորից ինձ նայեց, ասացի՝ արի-արի Միք ջան, մի հատ էլ համբուրեմ։ Ինքն ինձ հրաժեշտ տվեց, ես չհասկացա։ Քարվաճառի հրետանիում են եղել։ Ահավար հրետակոծության տակ են եղել։ 13 օր կռվեցին։ Չէին ասում, թե որտեղ են։ Սարգիսն ասում էր՝ մամ, մտածում էինք, որ մի օր էլ ողջ մնանք, որովհետ ահավոր հրետակոծությունների տակ էին»,-պատմում է տիկին Լաուրան։
Եղբայրները նույն դիրքում են եղել, բայց իրարից հեռու։ Հոկտեմբերի 13-ին Միքայելը գնացել է մեծ եղբոր մոտ։ Եղբայրը նրա համար հաց է տաքացրել ու կերակրել, հետո իրար հրաժեշտ են տվել, բայց կարճ ժամանակ անց Միքայելը վերադարձել է և հենց այդ պահին արկ է ընկել։
«Այդ հետ գալը դարձավ ճակատագրական։ Շատ քիչ է եղել երկու եղբայրների հեռավորությունը։ Միքայելը կես մետրի բախտ չունեցավ»,-ասում է մայրը։
Տիկին Լաուրան չի իմացել, որ փոքր տղան զոհվել է, միայն Սարգիսի վիրավորման մասին են հայտնել։ Գնացել է հիվանդանոց, որդու մոտ, ասում է, որ շատ ծանր վիճակում է եղել տղան ու անընդհատ եղբոր մասին է հարցրել։ Մայրն էլ ասել է, որ երևի կապ չկա, դրա համար չի պատասխանում։
Տղաների հայրը հեռուստացույցից է իմացել, որ որդին զոհվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։