«Ո՞նց կարող էր ռուս խաղաղապահն այնտեղ կանգնած՝ երեխա մորթվեր կամ մարդիկ զոհվեին»․ բազմազավակ մայրը պատմում է գաղթի ճանապարհի մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ծովինար Պողոսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ իր 5-րդ երեխան ծնվել է շրջափակման մեջ։

«Հուլիսի 7-ին ծնվեց փոքր տղաս՝ Էմիլը։ Շատ դժվարությունների միջով անցա։ Վառելիք չկար, որ Մարտունուց տեղափոխվեի Ստեփանակերտ։ Քաղաքապետին խնդրեցինք, նա տրամադրեց վառելիք, գնացինք։ Երբ երեխաս ծնվեց դժվարություններն ավելի շատացան։ Կաթնախառնուրդ գտնելը չափազանց դժվար էր, տակդիրներ չկան։ Խանութներում ի սպառ բացակայում էր հիգիենայի պարագաները, մանկական կերերը։ Դե բայց էլի չէինք կոտրվում, էլի պայքարում էինք, որ ամեն ինչ լավ կլինի։ Մեծ աղջիկս առաջին դասարան գնաց այս տարի, դպրոցական պարագաներ ձեռք բերելը շատ դժվար էր։ Երեխաների անցած տարվա տետրերից էինք գտել, մաքրել էինք ու ամբողջ դասարանի համար դա պատճենահանել էինք։ Ամեն ինչի դեմ պայքարել ենք՝ հացի հերթերում, բանջարեղենի հերթերում, երեխաներիս թողնում էի տանը, ես գնում էի, որպեսզի գոնե հաց կարողանայի գնել։ Վստահ էինք, որ այս ամենից հետո շատ լավ է լինելու։ Չէինք պատկերացնում, որ միանգամից այս ամեն ինչը կլինի»,-պատմեց նա։

Մեր զրուցակիցը հիշում է, թե ինչպես է սեպտեմբերի 19-ին թշնամին սկսել հերթական ագրեսիան։

«Ես տանն էի, բակում նստած էինք, աղջկաս հետ մտանք տուն, որ նա հաց ուտի։ Այդ պահին 3 երեխաներս էին տանը, իսկ երկուսը մանկապարտեզում էին։ Միանգամից լսվեց ռումբերի ձայն, մեր տունն էլ իրենց դիրքերին մոտ էր։ Տան ջահը պոկվեց, ընկավ, պահարանները կոտրվեցին։ Ոչ մի կերպ չէի կարողանում զանգել, կապ չկար։ Ստիպված երեխաներին պառկեցրեցի գետնին։ Մի 20 րոպե հետո խանութից կանչեցին, այդտեղ նկուղ կար։ Երեխաներիս գրկեցի ու վազեցի այդտեղ։ 3 օր մնացինք նկուղում։ Ջուր չկար, լույս չկար, խոնավ հատակին մարդիկ պառկում էին։ Պատերազմը հենց սկսվեց, ջուրը կտրեցին։ Մորեղբորս կինը ռմբակոծությունների տակով գնաց տուն, այլյուր կար, հաց թխեց, բերեց, որ ուտենք։ Նկուղում էլ մենք վստահ էինք, որ սա վերջը չի»,-ասում է Ծովինարը։

Նա պատմում է, որ երբ դուրս են եկել Ստեփանակերտ գնալու համար, ճանապարհին հանդիպել են ադրբեջանցիներին։

«Շրջադարձ եղավ, միանգամից հայտնվեցինք իրենց մոտ, չհասկացանք, թե ոնց եղավ, անակնկալի եկանք։ Մի 50-60 հոգով էին իրենք կանգնած, նույնիսկ նկարեցին, դրանից հետո նրանք տարածեցին իրենց նկարածը։ Ոչ մի ռուս խաղաղապահ չկար, միայն իրենք էին։ Անցանք իրենց մոտից, եկանք նորից երկրորդ տեղը իրենց հանդիպեցինք, արդեն Ստեփանակերտին ավելի մոտ։ Էլի նույն իրավիճակն էր։ Հարցրեցին՝ ինչու՞ եք տեղափոխվում, մնացեք, այստեղ կապրեք։ Մենք էլ ասացինք, որ գնում էինք Ստեփանակերտ»,-ասաց Ծովինարը։

Մեր զրուցակիցը ասաց, որ մի կերպ ձեռք են բերել 10 լիտր բենզին, դա լցրել են 4 մեքենայի մեջ և ճանապարհվել են դեպի Հայաստան։ Նրանք 38 ժամ ճանապարհ են եկել։

Ծովինարն ասաց, որ այս պահին իր ամուսինը դեռ չի աշխատում։ Դեռ պարզ չէ, թե ինչ պետք է անեն։ Մի կերպ տուն են գտել Երևանում, վարձը 250 հազար դրամ։ Իրենցից պահանջել են 2 ամսվա վարձ և դեպոզիտ, որը չեն կարողացել վճարել։

«Ես մտածում էի, որ ռուս խաղաղապահներն այտեղ են պատերազմ չի լինի, ես վստահ էի դրանում, բայց փաստորեն իրենք այս պարագայում ոչ մի բան էին։ Ո՞նց կարող էր ռուս խաղաղապահն այնտեղ կանգնած՝ երեխա մորթվեր կամ մարդիկ զոհվեին, բա դուք ինչի՞ համար էիք այնտեղ։ Մենք դրա համար էինք վերադարձել Արցախ, որ վստահ ենք եղել, որ ամեն ինչ նորմալ է լինելու, որ մեզ պաշտպանող ունենք։Վստահ էինք որ նորմալ է լինելու, պաշտպան ունենք, ինչ-որ մի հարցում իրենք կմիջամտեն, բայց փաստորեն չեն միջամտել։ Հենց պատերազմը սկսվեց, երբ նկուղում էինք, եկան 2 ռուս խաղաղապահ և ասացին, որ ամեն ինչ նորմալ է, ամենի ինչ կվերջանա, որ չվախենանք»,-պատմեց նա։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել