Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով պատիժներ են սահմանված պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու համար։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝
1. Անորոշ անձանց շրջանակին պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա առաջարկելը կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մատչելի դարձնելը կամ անորոշ անձանց շրջանակում այդպիսի նյութ կամ առարկա գովազդելը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
2. Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, տարածելը, իրացնելը, արտահանելը, ներմուծելը, առաջարկելը, գովազդելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասանելիություն ձեռք բերելը կամ համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, որը պարտավոր էր հոգ տանել երեխայի մասին կամ վերահսկել նրա վարքագիծը կամ
2) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի իմաստով՝ մանկական պոռնոգրաֆիա է համարվում ցանկացած նյութ, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեքսուալ բնույթի իրական կամ նմանակված գործողություն կատարելիս կամ սեռական շարժառիթով երեխայի սեռական օրգանը ցուցադրելիս: