Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը, որը տևելու է օգոստոսի 13-15-ը։
Առաջինը օրն ունկնդիրները հագեցած, գործնական աշխատանքներով լի օր ունեցան։ Այդ օրվա բանախոսներն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էր և «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։
Հատկապես օրվա վերջին՝ ազգային ինքնության հենասյուների վերաբերյալ բուռն քննարկումը շարունակվեց նաև խարույկի շուրջ զրույցի ժամանակ։
Արտագնա փուլի առաջին օրն ավարտվեց ազգային արժեքների կարևորության և ազգային դիմագծի պահպանման վերաբերյալ զրույցներով։ Մասնակիցները քննարկման առարկա դարձրին նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: