Դատավոր Ելենա Առաքելյանը հրապարակել է ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2021-ի դեկտեմբերի 10-ին պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով: Գործով որպես 3-րդ անձ ներգրավված «Արնդանե» ընկերությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին։
Ընկերության ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանի կարծիքով՝ հայցվորը՝ Արա Հակոբյանը, կապված է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ, որն իր հերթին հանդիսանում է դատավոր Անի Հարությունյանի զարմիկը։ Իսկ Անի Հարությունյանը և նախագահող դատավոր Ելենա Առաքելյանը, փաստաբանի խոսքով, ընկերուհիներ են։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է ներկայացված բացարկի միջնորդությունը։
Ելենա Առաքելյանը նշել է, որ «Արնդանե» ընկերությունը չի ներկայացրել բավարար ապացույցներ` Արա Հակոբյանի և Միհրան Պողոսյանի փոխկապակցված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար։
«․․․Թեև նշվածն ինքնին բավարար է ներկայացված միջնորդությունը մերժելու համար, քանի դեռ չի հաստատվում Արա Հակոբյանի և Միհրան Պողոսյանի փոխկապակցված լինելու հանգամանքը, պարզ չէ նաև սույն վարչական գործով հայցվորի և Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի առնչությունը միմյանց հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում անդրադառնալ նաև 3-րդ անձի ներկայացուցչի կողմից միջնորդության հիմքում դրված, դարձյալ ԶԼՄ-ից ստացված տեղեկության այն մասին, որ Վարչական դատարանի դատավորներ Ելենա Առաքելյանն ու Անի Հարությունյանն ընկերուհիներ են»,-նշել է դատավորն ու հավելել, որ իրենք գործընկերային հարաբերությունների մեջ են գտնվում։
Որոշման մեջ նշվում է, որ ինքնաբացարկ հայտնելու որևէ հիմք չկա, միջնորդությունը մերժվել է։