Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 1-ին, շարունակվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նախնական դատալսումները։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը դատարանին միջնորդեց քրեական գործով դատալսումները հետաձգել և դիմել Սահմանադրական դատարան։ Փաստաբանի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանը, Քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ «կալանք» խափանման միջոցը կիրառել կամ դրա ժամկետը երկարաձգել։
Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ ՔՕ 316-րդ հոդվածը, որը հիշատակվում է ամբաստանյալին կալանավորելու մասին որոշման մեջ, դատարանին իրավասություն չի տալիս, որպեսզի վերջինս նման խափանման միջոց կիրառի։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ վերոնշյալ հոդվածը նախատեսում է մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոցի հարցի հետ կապված հարցի քննարկում կամ նոր խափանման միջոցի ընտրություն․ «Գտնում եմ, որ առկա է ՍԴ դիմելու հրատապ անհրաժեշտություն»։
Արուսյակ Ալեքսանյանը միացավ Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած միջնորդությանը և խնդրեց բավարարել այն։ Նա նշեց, որ այս խնդիրը միայն իրեն չի վերաբերում և կարող է վերաբերել յուրաքանչյուր մեղադրյալի․ «Պատվարժան դատարան, արդյոք նախնական դատական լսումների 5-6 ամիս տևողությունը նորմալ համարելը Ձեր կողմից նպատակ չի հետապնդում որքան հնարավոր է արհեստականորեն երկարաձգել իմ կալանքի տակ գտնվելու տևողությունը։ Ըստ իս, հենց այդ նպատակն էլ հետապնդում է»։
Ամբաստանյալի խոսքով՝ գործը հունվարի 4-ից նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է և այդ ընթացքում «նա հասցրել է ապականել դատավորի անմեղության կանխավարկածը, կոպտորեն խախտել նրա պաշտպանության իրավունքը, 2 անգամ ապօրինի կալանավորել է, մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները»։ «Միթե այս 5 ամսվա ընթացքում որևէ պաշտպան հիմնավոր միջնորդություն չի ներկայացրել։ Ձեզ համար պաշտպանները միշտ սխալ են, հանրային մեղադրողը միշտ ճիշտ է»,-ասաց նա։
Արուսյակ Ալեքսանյանը հորդորեց դատավորին բավարարել միջնորդությունը, եթե վերջինս «կաշկանդվածություն, թաքնված վախեր» չունի այս գործի հետ կապված։ Ամբաստանյալի կարծիքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ պաշտոնատար անձինք վախենում են իր ազատության մեջ հայտնվելու հեռանկարից․ «Ես իհարկե զգացված եմ, որ այդքան կարևորում են իմ անձը։ Մեղմ ասած, ինձ Ռեմբոյի տեղն են դրել և որոշակի վախեր ունեն իմ ազատության մեջ հայտնվելու հետ կապված»։
Վահե Դոլմազյանը, դիմելով դատավարության մասնակիցներին՝ նշեց, որ դատարանը քաջ գիտակցում է իր գործողությունների բնույթը և իր կողմից կայացված յուրաքանչյուր որոշման նշանակությունը։
Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը նշեց, որ չի կիսում պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդության հիմքում դրած փաստարկները։ Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշակի մեկնաբանություններ է տվել դրան։
«Գտնում եմ, որ ընդհանրապես սահմանադրաիրավական վեճ առկա չէ և պաշտպանության կողմի դիտարկումները, կապված անձնական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման հետ, կարող են առերևույթ համապատասխանել ՔՕ 362-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի խախտմանը»,-նշեց դատախազը։
Վահե Դոլմազյանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ արձանագրելով, որ օրենսդրական բաց չկա։ Այնուհետև դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ավարտ, հիմնական դատալսումներ նշանակվեցին։ Դատավարական այս փուլի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 7-ին։
Եվգենյա Համբարձումյան