«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2021-ի դեկտեմբերի 10-ին պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով:
Գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին։
Նշենք, որ Iravaban.net-ը հետաքննություն է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։
Մայիսի 29-ի դատական նիստի ընթացքում գործով որպես 3-րդ անձ ներգրավված «Արնդանե» ընկերությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին։
Ընկերության ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանի կարծիքով՝ հայցվորը՝ Արա Հակոբյանը, կապված է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ, որն իր հերթին հանդիսանում է դատավոր Անի Հարությունյանի զարմիկը։ Իսկ Անի Հարությունյանը և նախագահող դատավոր Ելենա Առաքելյանը, փաստաբանի խոսքով, ընկերուհիներ են։
«Մեզ տեղեկություններ են հանսել, որ նախագահող դատավորը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Անի Հարությունյանի հետ։ Դուք նաև միասին երկար ժամանակ աշխատել եք։ Ձեր հարաբերությունների բնույթի մասին կոնկրետ տեղեկություններ մենք չունենք։ Կարծում ենք, որ միակ վստահելի աղբյուրն այս մասով Դուք եք»,-դիմելով դատավորին նշեց Ներսես Աղաբաբյանը՝ հավելելով, որ աճուրդի հետ կապված կա հարուցված նաև քրեական գործ։
Կողմը նշում է, որ Արա Հակոբյանի և Միհրան Պողոսյանի կապը հաստատվում է ԶԼՄ-ներով հրապարակված տվյալներով և դրանցում առկա փաստերով։ Դատավորը խնդրեց փաստաբանին պարզաբանել նաև իր և Անի Հարությունյանի միջև առկա ենթադրյալ կապի մասին դիրքորոշումը։
«Մեզ լուրեր են հասել, որ Ձեր և Անի Հարությունյանի միջև կան ընկերական հարաբերություններ։ Նաև դրա մասին հրապարակում է արել Iravaban.net կայքը։ Կդժվարանամ ասել, թե որտեղից ենք ստացել այդ տեղեկությունները, դրանք խոսակցություններ են, որոնք տարբեր ձևերով հասնում են մեզ», – նշեց Ներսես Աղաբաբյանը՝ հավելելով, որ նույն դատարանում աշխատելու փաստը բավարար չի համարում ինքնաբացարկի համար։
Ելենա Առաքելյանը փորձեց ճշտել՝ ԶԼՄ-ի և կողմի տեղեկության աղբյուրը նույն է, թե ոչ։ Փաստաբանը նշեց, որ չգիտի, քանի որ Iravaban.net-ին չի հարցրել աղբյուրի մասին։
Հայցվորի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանը նշեց, որ ԶԼՄ-ները կարող են բազմաթիվ նյութեր հրապարակել, սակայն դրանց իրականությանը համապատասխանությունը կասկածելի է։ Նա նշեց, որ քրեական գործ կա, սակայն դրանով հաստատված չէ որևէ փաստական հանգամանք, որ Միհրան Պողոսյանը որևէ առնչություն ունի այս աճուրդի հետ․ «Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը անուղղակի ձևով կհաստատի Արա Հակոբյանի և Միհրան Պողոսյանի փոխկապակցվածությունը, ինչը կարծում եմ՝ սխալ է»։
Լյուդվիգ Դավթյանի կարծիքով՝ միայն դատավորների միջև ընկերական հարաբերությունների հանգամանքը չի կարող ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։
Գույքի նախկին սեփականատեր Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը միացավ ներկայացված միջնորդությանը, քանի որ հրապարակումները անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել։ Փաստաբանը նշեց նաև, որ ոչ՛ Արա Հակոբյանը, ո՛չ Միհրան Պողոսյանը ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ հերքման պահանջներ չեն ներկայացրել։
Լյուդվիգ Դավթյանն ավելացրեց, որ իր համար ակնհայտ չէ Միհրան Պողոսյանի և Արա Հակոբյանի փոխկապակցվածությունը․ «Եթե նույնիսկ մարդը չի հերքում, չի պատասխանում, ոչ մի բան չի գրում, դա չի նշանակում, որ գրածն իրականություն է»։
Լյուդվիգ Դավթյանի այս փաստարկին Ներսես Աղաբաբյանն արձագանքեց, որ վերջերս «Մրգենի» ՍՊ ընկերության՝ ՀՀ ներկրած բանանների տուփերում թմրանյութերի հայտնաբերման դրվագի վերաբերյալ Միհրան Պողոսյանը տեսագրության եղանակով հերքում է տարածել ինտերնետում: Սակայն Այվազովսկու թիվ 14 հասցեի աճուրդի կամ Արա Հակոբյանի հետ փոխկապակցվածության վերաբերյալ լուրերը պարոն Պողոսյանը մինչև օրս չի հերքել:
Նախագահող դատավորը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 31-ին։