Ընտանեկան և ընկերական կապերը ՀՀ դատական համակարգում

ՀՀ դատական համակարգում քիչ չեն դեպքերը, երբ տարբեր դատավորների կամ դատավորների և այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև լինում են ծնող-զավակ, այլ բարեկամական կամ հարազատական կապեր։ Նման կապերը ստեղծում են դատական համակարգում քննվող գործերի ուղղորդման էական վտանգ, քանի որ շահագրգիռ ընտանեկան, բարեկամական կամ ընկերական խմբերը հնարավորություն են ստանում դատավորների հետ կապ հաստատելու միջոցով ապահովել իրենց անհրաժեշտ դատական ակտերի ընդունումը:

Նշենք, որ ցանկացած դատավոր պարտավոր է «թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն» (ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդված)։ Տեսնենք, թե դատական համակարգում առկա ընտանեկան և բարեկամական կապերի պայմաններում որքանով է ողջամիտ ակնկալել, որ ՀՀ դատական օրենսգրքի նշված պահանջը պահպանվում է: 

Դիտարկենք դատական համակարգում բարեկամական կապերի հետևյալ օրինակները.

  • Դրմեյաններ

Լիլի Մամիկոնի Դրմեյանը 03.11.2022 թ.-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-313-Ա հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:

Այդ ժամանակ նրա հայրը՝ Մամիկոն Դրմեյանը, պաշտոնավարում էր Վճռաբեկ դատարանում։ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները փետրվարի 12-ից դադարեցվեցին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

  • Չիչոյաններ

Արմեն Չիչոյանը, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է, զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնը։ Նրա որդին՝ Ժորա Չիչոյանը, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Արմեն Չիչոյանի եղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը, դատավորի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։ Նա զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավորի, դատարանի նախագահի, Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնները։ 2009 թվականին նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Սերգեյ Չիչոյանը 2014 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: 2018 թվականից ընտրվել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-337-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Չիչոյանների հետ փոխկապակցված է նաև Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի պաշտոնն այս պահին զբաղեցնող Անուշավան Մուշեղյանը: Նա Սերգեյ Չիչոյանի դստեր՝ Լիլյա Չիչոյանի ամուսինն է։ Դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերից։

Այսպիսով, Չիչոյանների գերդաստանը ՀՀ պետական մարմիններում ներկայացված է 3 դատավորով և 1 դատախազով: 

  • Արղամանյաններ

Մհեր Արղամանյանը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է դատավորի պաշտոնը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Նրա որդին՝ Դավիթ Արղամանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

  • Խանդանյաններ

Ռաֆիկ Խանդանյանը վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնում է նշանակվել 2022թ. նոյեմբերի 21-ին-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով։ Դրանից առաջ նա 2013 թվականի հունվարից աշխատել է որպես ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 

Նրա հայրը Գագիկ Խանդանյանն է, որը երկար տարիներ` 2000 թվականից, դատավորի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս 2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ նրա լիազորությունները դադարեցվել են՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով։

  • Հարությունյան – Փոլադյան – Պողոսյան

Առանձնահատուկ է Հարությունյան – Փոլադյան – Պողոսյան գերդաստանների դեպքը: 

Այսպես, Անի Հարությունյանը 2013 թվականի հունվարի 31-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը ՀՀ վարչական դատարանում: Նրա ամուսինը՝ Տիգրան Փոլադյանը, ևս դատավոր է։ 2013 թվականի հունվարի 31-ին Նախագահի հրամանագրով Տիգրան Փոլադյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Իսկ ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր: Տիգրան Փոլադյանի եղբայրն է Կարեն Փոլադյանը, որը 2014–2021թթ. ժամանակահատվածում զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Անի Հարությունյանը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ՝ գեներալ-մայոր Գրիգոր Հարությունյանի դուստրն է։ Գրիգոր Հարությունյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի մորեղբայրն է։ Այսինքն՝ դատավոր Անի Հարությունյանը և Միհրան Պողոսյանը քույր-եղբայր են միմյանց համար: Նրանց ընտանեկան կապը հաստատող աղբյուրներ կան համացանցում, և այդ կապն անձամբ հաստատել է Անի Հարությունյանը:

Այսպիսով, Հարությունյան – Փոլադյան – Պողոսյան գերդաստանների անդամները պաշտոններ են զբաղեցնում (կամ նախկինում զբաղեցրել են) Ազգային ժողովում, ԱԱԾ-ում, դատական համակարգում և դատական ակտերի հարկադիր կատարման մարմնում:

Այս առումով հիշեցնենք նաև մեր ուշադրության կենտրոնում գտնվող  դատական գործերից մեկի մասին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի վարույթում է այս պահին Iravaban.net-ի կողմից լուսաբանվող դատական գործերից մեկը՝ կապված Այվազովսկի 14 տարածքի գնման հետ։ 

Դատական գործի համաձայն՝ «Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ  գույքի նկատմամբ 10.12.2021թ. պետական գրանցումն անվավեր ճանաչել և պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին նույն հասցեի նկատմամբ գրանցել հայցվորի սեփականության իրավունքը:

Հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ, ինչի մասին նույնպես Iravaban.net-ը մանրամասն նյութ է պատրաստել։

Ուսումնասիրելով դատավոր Ելենա Առաքելյանի կենսագրությունը՝ պարզ դարձավ, որ նա 2019-2021թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

Նույն դատարանում է պաշտոնավարում նաև դատավոր Անի Հարությունյանը։ Ելենա Առաքելյանը և Անի Հարությունյանը տևական ժամանակ աշխատել են նույն դատարանում, և ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների, նրանք ընկերուհիներ են: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել