«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 10.12.2021թ. պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով:
Գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին։
Նշենք, որ Iravaban.net-ը հետաքննություն է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։
Գործի շրջանակներում հայցվոր Արա Հակոբյանի պահանջով դատարանը կիրառել է հայցի ապահովում՝ արգելելով ՀՀ կադաստրի կոմիտեին և «Արնդանե» ՍՊ ընկերությանը (ներկայումս Այվազովսկի 14 հասցեի գույքի գրանցված սեփականատիրոջը) գույքի հետ կապված կատարել որևէ գործողություն կամ գործարք:
Հունվարի 19-ին տեղի ունեցավ գործով հերթական նիստը, որի ընթացքում 3-րդ անձ «Արնդանե» ՍՊ ընկերությունը միջնորդություն ներկայացրեց հայցի ապահովումը վերացնելու մասին։ Ըստ նրա՝ հայցի ապահովման վերացման տեսակետից՝ հայցի ապահովումը կարող է կիրառվել պարտավորեցման հայցի դեպքում։
««Արնդանե» ընկերությունը կարծում է, որ գործով հայցի ապահովում կիրառվել չէր կարող, որովհետև ընդդեմ Կադաստրի կոմիտեի ներկայացված հայցը պարտավորեցման հայց չի կարող համարվել։ Տվյալ դեպքում՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել՝ ընդունել բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Որևէ մերժում գործի նյութերում չկա։ Հայցվոր կողմից մերժման որոշում չի ներկայացվել»,-նշեց ընկերության փաստաբան Ներսես Աղաբաբյանը։
Աղաբաբյանի խոսքով՝ միայն այսքանը արդեն բավարար է հայցի ապահովումը վերացնելու համար, սակայն լրացուցիչ նշեց, որ եթե հայցը «պարտավորեցման» որակվի, ապա այս դեպքում գործի մասնակիցների կազմը սովորական պարտավորեցման հայցից տարբերվում է, քանի որ հայցի ապահովման միջոցը սահմանափակում է ոչ միայն պետական մարմնի գործողությունները, այլ նաև գործով ներգրավված 3-րդ անձի սեփականության իրավունքը։
«Գույքի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք, ընկերությունն է համարվում դրա սեփականատերը։ Փաստորեն, ընկերությանն արգելվում է իր գույքի հետ կապված որևէ գործողություն կամ գործարք կատարել։ Սահմանափակման արդյունքում ընկերությունը կրում է էական վնասներ։ Բացի նրանից, որ գույքի համար վճարվել է 375 միլիոն դրամ, որից 103 միլիոնը՝ համայնքային բյուջե, իսկ 272 միլիոն դրամը՝ գործով սնանկության կառավարչի հաշվին, այդ գումարները վարկային միջոցներ են եղել, որոնք ստացվել են «Հայէկոնոմբանկ»-ից։ Միայն 2022 թվականի ընթացքում բանկին վճարված տոկոսագումարները կազմում են մոտ 44,4 միլիոն դրամ։»
Նիստին ներկա էր նաև «Արնդանե» ընկերության տնօրեն Կարեն Մելքումյանը։ Նա ներկայացրեց, թե իրենց հաշվարկներով՝ ինչպիսի վնասներ է կրել ընկերությունը՝ կիրառված հայցի ապահովման միջոցի պատճառով։
«Գումարն օգտագործվել է, դրա համար մինչև օրս տոկոսներ է վճարվում, սակայն դրա դիմաց ընկերությունը որևէ շահույթ չի ստանում։»,-նշեց Մելքումյանը։
Նրա խոսքով՝ Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը, ենթակառուցվածքային առումով, շարունակում է մեկ միավոր գույք մնալ, որից տարբեր մասեր են անջատվել։ Ընկերությունը սկսել է բաժանված միավոր գույքի տարբեր մասերի գնումը։
«Մեր ընկերությունը գյուղատնտեսական անասնակերերի, պարատանյութերի մասով թիվ մեկ արտադրողն է, բացի այդ՝ շատ կարևոր գործառույթ ունի․ պարենային ցորենի պահպանում է իրականցնում։ Այս ամենը պատմում եմ, որպեսզի պարզ լինի, թե որքանով է խոչընդոտվում ընկերության աշխատանքը։ Անշարժ գույքի տարածքում պահեստներ կան, որոնք կարևոր են մեր գործունեության համար։ Արդեն 2-րդ տարին է՝ շարունակում եմ մերժել լրացուցիչ գործարքների կատարումը, գույքը վարձակալությամբ խնդրողներին։ Էկոնոմիկայի նախարարությանը տարածք էր պետք պարենային ցորենի պահպանման համար, ես չկարողացա տարածք տրամադրել։ Մոտ 9000 քառակուսի մետր տարածք այսօր ուղղակի փչանում է, ընկերությունը մեծ վնասներ է կրում»,-նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ վնասներ է կրում նաև պետությունը, քանի որ հաշվարկներով 1 միլիարդ դրամի հարկեր չի վճարում, քանի որ ընկերությունը չի կարողանում գործունեություն իրականացնել այդ տարածքում։ Տնօրենի խոսքով՝ իրենց վերամշակած արտադրանքը այսօր դրսում է պահվում՝ արևի, անձրևի և ձյան տակ։
Հայցվորի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է մի քանի պատճառաբանություններով։ Նա նշեց, որ 3-րդ անձի կողմից արդեն իսկ ներկայացվել է հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդություն, որին դատարանը բովանդակային գնահատական է տվել և մերժել է այն։ Բացի այդ, միջնորդության բավարարումը դժվարացնելու է հայցվորի օգտին կայացված դատական ակտի կատարումը, անշարժ գույքը բովանդակային փոփոխություններ է կրելու։
«Ընդ որում, այդ անշարժ գույքի նկատմամբ մեր նկրտումները օդից չեն իջել։ Իմ վստահորդը վճարումներ է կատարել, ձեռք է բերել այն, սակայն մեզ համար անհասկանալի պատճառաբանություններով սահմանված ժամկետում պետական մարմինը չի գրանցել այն»,-նշեց փաստաբանը։
Ասատրյանի խոսքով՝ հայցի ապահովումը վերացնելու միջնորդության շրջանակներում չի կարող քննվել հայցապահանջի բովանդակությունը, դրա հստակեցումը, գործով ապացույցների առկայության կամ բացակայության հարցերը, հակառակ պարագայում կխախտվի Վարչական դատավարության օրենսգրքի սահմանած նախնական դատական նիստի կարգը։
«Հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունում 3-րդ անձի ներկայացուցիչը որևէ կերպ չի հիմնավորել կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը վերանալու հանգամանքը։ Փոխարեն՝ հայցի ապահովումը վերացնելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը պայմանավորել է ինչ-որ վնասներ կրելու հավանականությամբ։ Նախ, 3-րդ անձի կողմից անհիմն վնասներ կրելու հավանականությունը չի կարող հիմք հանդիսանալ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու համար, քանի որ դրա նպատակը դատական ակտի կատարումն ապահովելն է»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կիրառված հայցի ապահովման միջոցը պետք է պահպանման ենթակա լինի անկախ կողմի վնասներ կրելու կամ չկրելու հանգամանքից։
Վարազդատ Ասատրյանը նշում է, որ Արա Հակոբյանը այդ գույքի նկատմամբ օրինական ակնկալիք ունի, որոշակի իրավունքներ է ձեռք բերել, որոնք իրացնելու հնարավորություն ստանալու համար էլ դիմել է դատարան։ Հետևաբար, «Արնդանե» ընկերության միջնորդությունը, փաստաբանի կարծիքով, ենթակա է մերժման։
«Արնդանե» ընկերության տնօրեն Կարեն Մելքումյանը նիստի ընթացքում նաև նշեց, որ տվյալ գույքը հայցվորը ձեռք է բերել իր համար անհասկանալի ձևերով՝ հարկադիր կատարողից․ «Սկզբնական գինը եղել է 500 միլիոն դրամ, ձեռք է բերվել 5 միլիոն դրամով։ Անձամբ ինձ մոտ հարցեր կան դրա հետ կապված։ Իսկ մենք այդ գույքը գնել ենք 375 միլիոն դրամով»։
Փաստաբան Ներսես Աղաբաբյանը նշեց, որ այս գործով հակընդդեմ ապահովման միջնորդություն ներկայացվել էր և մերժվել․ «Եթե այդ միջնորդությունը բավարարվեր առանց հայցի ապահովման վերացման միջնորդություն ներկայացնելու՝ իմանալով, որ մեր վնասը փոխհատուցվելու է։ Բայց մենք շարունակում ենք վնաս կրել՝ առանց հակընդդեմ ապահովման առկայության»։
«Արնդանե» ընկերությունը նշված անշարժ գույքը ձեռք է բերել Արմեն Ստամբոլցյանից, որի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը կարծում է, որ ներկայացված միջնորդությունը պետք է բավարարվի՝ ներկայացված հիմնավորումներով։ Նա նշեց, որ գույքի օգտագորոծումը չի կարող խոչընդոտել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
«Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցչի կարծիքով ևս միջնորդությունը ենթակա է բավարաման․ «Շեշտվեց մերժման որոշման բացակայության փաստը։ Կարծում եմ՝ այդ փաստի ուժով գործի վարույթը, առնվազն մի մասով, ենթակա է կարճման։ Կարծում եմ՝ դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ կարճի գործի վարույթը»։
Հայցվոր Արա Հակոբյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ևս մեկ անգամ նշեց, որ պարտավորեցման հայցի բոլոր նախադրյալները կան, գործի նյութերում առկա են և հայցի առարկայի քննության ընթացքում դրանք մանրամասն կներկայացվեն։
«Կադաստրի պետական կոմիտեին մեր կողմից հայցվել է որոշակի իրավունքների ձեռքբերումը, որը մեզ համար անհասկանալի հիմքերով մերժվել է և այլ գործողություններ էլ են հայցվել, որոնք մերժվել են։ Դրանք լրացուցիչ քննարկման հարցեր են, որոնք կքննարկվեն նախնական դատական նիստում։ Մեր կարծիքն այն է, որ հայցատեսակի հիմքերը առկա են և դրա կոնտեքստում պետք է քննվի»,-նշեց Ասատրյանը։
Դատավոր Ելենա Առաքելյանը կողմերին հայտնեց, որ միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը կուղարկվի դատավարության մասնակիցներին՝ օրենքով սահմանված ժամկետներում։
———————————
Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։
Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:
Գլխավոր լուսանկարում՝ Ելենա Առաքելյանը, Արա Հակոբյանը