Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար շուրջ 70 աճուրդ է հայտարարվել․ դրանցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ

Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար շուրջ 70 աճուրդ է հայտարարվել․ դրանցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ

Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի  (3.45 հա հողամաս և 9300 քմ օժանդակ շինություններ) հետ կապված կնքվել են մի շարք կասկածելի գործարքներ: Տարբեր ժամանակներում որպես գույքի գնորդ են հանդես եկել անձինք կամ ընկերություններ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ: Այդ գործարքները կնքվել են Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿԾ-ում պաշտոնավարման տարիներին։

Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքն ի սկզբանե պատկանել է Արմեն Ստամբոլցյանին, ով գրավադրել է գույքը 27.01.2007 թվականին հօգուտ «Նոր տուն» ՍՊԸ-ի՝ վերջինիս վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այստեղից սկսվում է գույքի հետ կապված բազում կասկածելի գործարքների շարանը:  

Մաս 1։ Այվազովսկու 14 հասցեի անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդները

«Նոր տուն» ՍՊԸ-ն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, և գրավադրված գույքը հանվել է աճուրդի: 

Ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 70 անգամ։ Առաջին աճուրդը հայտարարվել է 26.09.2011 թվականին։ Լոտի սկզբնական արժեքը կազմել է 782․587․500 դրամ։ Աճուրդների ընթացքում գնորդ դառնալու հավակնություներ են ունեցել 3 անձ, որոնցից բոլոր էլ տարբեր ձևերով փոխկապակցված են ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ: Վերջին գնորդը եղել է Արա Հակոբյանը, ով գույքը գնել է ընդամենը 5․423․472 դրամով։

Մաս 2։ Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձինք՝ տարածքի գնորդներ

Գնորդ առաջին. 22.04.2014 թվականին Այվազովսկու 14 տարածքի վաճառքի համար ԴԱՀԿԾ-ի կողմից հայտարարված 18-րդ աճուրդի հաղթող է ճանաչվել «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը տարածքի համար վճարել է 199․023․300 դրամ։

«Մելատրոպիկ» ՍՊ ընկերությանն Iravaban.net-ը տարիներ առաջ արդեն առիթ ունեցել է անդրադառնալու։

«Մելատրոպիկ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 13.11.2012 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը 03.11.2012–20.06.2019թթ.  ժամանակահատվածում եղել է Մելիտա Ղազարյանը։ Վերջինս Linkedin-ի իր էջում՝ աշխատանքային փորձի հատվածում նշել է, որ 2006 թվականից մինչ օրս զբաղեցնում է Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի առևտրի վարչության պետի պաշտոնը։

 

 

 

Ստացվում է, որ 22.04.2014 թվականին, երբ «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն մասնակցել է ԴԱՀԿԾ հայտարարած աճուրդին՝ ընկերության սեփականատերն աշխատել է նաև «Քեթրին Գրուպում»։

Այվազովսկու 14 հասցեի գույքի համար սահմանված գումարը վճարելուց օրեր անց՝ 30.04.2014 թվականին, Մելիտա Ղազարյանը դիմում է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ նշելով, որ խնդրում է վերադարձնել գույքի համար վճարած ամբողջ գումարը, քանի որ պարզվել է, որ գույքի նկարագրում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ինչի պատճառով էլ «Մելատրոպիկ» ՍՊ ընկերությունը ցանկանում է հրաժարվել գույքը գնելուց։

 

——————————————————

Գնորդ երկրորդ. 16.09.2014 թվականին Այվազովսկու 14 հասցեի տարածքի գնման համար հայտարարված հերթական՝ 27-րդ աճուրդին մասնակցել է «էդշին» ՍՊԸ-ն և հաղթող ճանաչվել։ Գույքի ձեռքբերման գինը կազմել է 85․729․940 դրամ։ Աճուրդի արդյունքում «էդշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որոշ ժամանակ անց՝ 12.03.2015 թվականին, դիմում է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որով հետ է պահանջել գումարը, քանի որ տեղյակ չի եղել գույքի կադաստրային արժեքը վճարելու պարտականության մասին:

«Էդշին» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ է հանդիսացել փաստաբան Նորայր Հարությունյանը, որը ևս կապված է Միհրան Պողոսյանի հետ։ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում Նորայր Հարությունյանի վերաբերյալ տվյալներում որպես գործունեության հասցե նշվում է Ռուբինյանց 29/6 հասցեն, որտեղ էլ գործում էր «Քեթրին» ՍՊ ընկերությունը։ Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ Նորայր Հարությունյանը պաշտպանել է անձամբ Միհրան Պողոսյանի շահերը, օրինակ՝ 2021 թվականին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը: Այդ ժամանակ Պողոսյանի լիազորված անձն էր Նորայր Հարությունյանը, որը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ տարածքում Պողոսյանի մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու հարցով:

 

——————————————————

Գնորդ երրորդ. Այվազովսկու 14 հասցեի գույքի վաճառքի համար ԴԱՀԿԾ կողմից հայտարարած արդեն 70-րդ աճուրդի ժամանակ՝ 26.12.2016 թվականին, հաղթող է ճանաչվել  Արա Հենրիկի Հակոբյանը։ Գույքի ձեռքբերման գինը կազմել է 5․423․472 դրամ։ 

Արա Հակոբյանի անունը ևս փոխկապակցվում է Միհրան Պողոսյանի հետ, քանի որ Արա Հակոբյանը 07.05.2018 թվականից զբաղեցնում է «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է Էդուարդ Հարությունյանը, ով նաև «Բեսթ ռեալթի» ՍՊԸ տնօրենն է: 

Այս երկու ընկերությունները («Բեսթ ռեալթի» ՍՊԸ և «Կեչառիս հոթել» ՍՊԸ) փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ: Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: 

Արա Հակոբյանը 2017 թվականին դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ Այվազովսկու 14 հասցեի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման համար, սակայն գրանցման վարույթը կասեցվել է մի շարք հիմքերով, որոնցից ամենաառանցքայինը եղել է հողամասի կադաստրային արժեքը  (շուրջ 100 մլն դրամ) Երևանի համայնքային բյուջե չվճարելու փաստը: Գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքն այդպես էլ չի գրանցվել:

Մաս 3։ Արմեն Ստամբոլցյանի սնանկությունը

Քանի որ գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքն այդպես էլ չի գրանցվել, գույքի սեփականատերը շարունակել է մնալ Արմեն Ստամբոլցյանը: Նա գույքի հետ կապված կուտակել է հողի հարկի և գույքահարկի մասով պարտքեր, որոնց հանրագումարը կազմել է 10,742,840 ՀՀ դրամ՝ ներառյալ տույժերը: Այս գումարը բռնագանձելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթը, որն ընթացել է վերոնկարագրված էլեկտրոնային աճուրդների գործընթացին զուգընթաց:  

02.09.2014 թվականին Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, դիմում է ներկայացրել դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:

Քանի որ Այվազովսկու 14 հասցեի տարածքի նկատմամբ Արա Հակոբյանն այդպես էլ չի գրանցել իր սեփականության իրավունքը, տարածքի սեփականատերն է մնացել Արմեն Ստամբոլցյանը, և գույքը ներառվել է սնանկության վարույթում պարտապանի (Արմեն Ստամբոլցյանի) գույքի կազմի մեջ: Արդյունքում նույն գույքն աճուրդի է հանվել արդեն Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի շրջանակներում:

Մաս 4։ «Արնդանե» ՍՊ ընկերությունը՝ տարածքի նոր սեփականատեր

12.12.2018 թվականին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կազմակերպած աճուրդում հաղթող է ճանաչվել «Արնդանե» ՍՊԸ-ն։ Տարածքի համար սնանկության կառավարչի հաշվին վճարել է 272,124,151 դրամ, իսկ այնուհետև Երևանի համայնքային բյուջե է վճարել նաև 103․682․000 դրամի չափով հողի կադաստրային արժեքը (այսինքն՝ գույքի ընդհանուր գինը կազմել է 375,806,151 դրամ)։

«Արնդանե» ընկերությունը գործունեություն է իրականացնում Այվազովսկու 14 հասցեի տարածքի անմիջապես հարևանությամբ։ Ընկերության պաշտոնական կայքում նշված տեղեկության համաձայն՝ ընկերությունը 10 տարի է, ինչ աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական ոլորտում: Հարկային ծառայության պաշտոնական կայքի համաձայն՝ հարկ վճարողների ցանկում «Արնդանե» ընկերությունը գտնվում է 113-րդ տեղում։ 

Գույքի կադաստրային արժեքը վճարելուց հետո «Արնդանե» ընկերությունը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե և գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը 10.12.2021 թվականին: Այսպիսով, «Արնդանե» ընկերությունը եղել է միակ գնորդը, որի սեփականության իրավունքը գրանցվել է կադաստրում:

Մաս 5։ Նոր դատական գործեր, որոնք շարունակվում են մինչ օրս

Դժգոհ լինելով նման արդյունքից, և համարելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի իրական սեփականատերն ինքն է՝ Արա Հակոբյանը ներկայացրել է մի քանի հայց ՀՀ դատարաններ: 

Հայց առաջին (վարչական դատարան). 14.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ Արա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ 10.12.2021թ. գրանցվա «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը և Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել գույքի նկատմամբ գրանցել Արա Հակոբյանի սեփականության իրավունքը։ Գործով դատավոր է Ելենա Առաքելյանը:  

Հայց երկրորդ (քաղաքացիական դատարան). 29.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի չկայացած, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Սերգեյ Սահակյանը:

Հայց երրորդ (քաղաքացիական դատարան). 20.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի անվավեր, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի նաև «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։ Գործով դատավոր է Երեմ Եսոյանը:

Այս երեք դատական գործերն ընթացքի մեջ են:

Iravaban.net-ի հետ զրույցում «Արնդանե» ընկերության փաստաբան Ներսես Աղաբաբյանը նշեց, որ Արա Հակոբյանի պահանջներն անհիմն են. «Պարոն Հակոբյանի ներկայացրած հայցերի տրամաբանությունն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ նա 2017 թվականից ի վեր չի վճարել հողի կադաստրային արժեքը, այժմ, երբ կադաստրային արժեքը վճարել է «Արնդանեն», գույքի նկատմամբ պետք է գրանցվի ոչ թե «Արնդանեի», այլ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը… Այո՛-այո՛, ճիշտ հասկացաք՝ վճարել է «Արնդանեն», բայց իրավունքը պետք է ծագի Արա Հակոբյանի մոտ: Մի տարի է, ինչ տանջվում ենք նման անհեթեթ պահանջների ձեռքը, գույքի նկատմամբ էլ վարչական դատարանը սահմանափակում է կիրառել, դրա հետ ընկերությունը ոչ մի գործողություն անել չի կարողանում արդեն 1 տարուց ավելի: Հողային օրենսգիրքը հստակ արձանագրում է, որ կադաստրային արժեքը վճարելու պարտականությունը գույքը ձեռք բերողինն է, և տվյալ դեպքում միայն մեկ իրական ձեռք բերող է եղել՝ «Արնդանեն»: Մի բան էլ ասեմ, Արա Հակոբյանի կնքած առուվաճառքի պայմանագրում նոտարը ձեռագիր փոփոխություներ է արել, ավելացրել է գույքի մակերեսներ և այլն, այդ փոփոխություններն առոչինչ են»։

Ներսես Աղաբաբյանից նաև տեղեկացանք, որ Արա Հակոբյանի՝ 26.12.2016 թվականին հաղթած աճուրդի հետ կապված 21.12.2020-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հիման վրա հարուցվել է թիվ 10894920 քրեական գործը, սակայն գործը տեղից առաջ չի գնում անհասկանալի պատճառներով: Փաստաբան Աղաբաբյանից ստացանք նաև Արա Հակոբյանի՝ 09.01.2017 թվականին կնքած առուվաճառքի պայմանագրի սկան տարբերակը:

Մաս 6. Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործը դեռ ընթացքի մեջ է

Արմեն Ստամբոլցյանի փաստաբան Կարո Ասատրյանն էլ Iravaban.netի հետ զրույցում նշեց, որ սնանկության գործը մինչև օրս չի ավարտվել, և դրա միակ պատճառն են Արա Հակոբյանի դատավարական չարաշահումները. 

«Մի կողմ դնենք, որ Արա Հակոբյանը սնանկության վարույթում պահանջատեր է դարձել կասկածելի ցեսսիայի հիման վրա, դրա մեջ չեմ էլ խորանում ես, բայց սնանկության գործընթացն ունի պարզ տրամաբանություն: Պահանջատեր դարձած անձի միակ շահն է իր պահանջի բավարարումը: Արա Հակոբյանի՝ ցեսսիայով ստացված պահանջը բավարարվել է Այվազովսկու 14 հասցեի գույքի վաճառքի («Արնդանեին» գույքը վաճառելու մասին է խոսքը՝ խմբ.) գնի հաշվին, բայց պարոն Հակոբյանը դժգոհ է մնացել և վճռաբեկ բողոքներ է բերում: Ամեն գնով ուզում են վնասեն մեզ, բազմամիլիոնանոց գույքն էլ յուրացնեն 5 մլն դրամի դիմաց: Այդ 5 մլն դրամն էլ, ի դեպ, ժամանակին վճարել են ԴԱՀԿ դրամարկղ, ու այդ գումարը թե ինչ է եղել, մենք տեղյակ էլ չենք»,-եզրափակեց Կարո Ասատրյանը։ 

Iravaban.net շարունակելու է հետևել Այվազովսկու 14 հասցեի գույքի հետ կապված գործերի զարգացմանը: 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել