Բանանի շուկա՝ մոնոպոլիզացիա՞, թե՝ գերիշխող դիրք

Բանանի շուկա՝ մոնոպոլիզացիա՞, թե՝ գերիշխող դիրք

Վերջին մեկ տարվա ընթացքում բանանի գինը էականորեն նվազել է․ եթե ներկայումս գինը տատանվում է 650-750-ի սահմաններում, ապա նախորդ տարիներին 840 դրամից ցածր չի եղել։ Այս հանգամանքը պայմանավորված է շուկայում նոր խաղացողների իհայտ գալով, թեև վերջիններս մի շարք խոչընդոտների են հանդիպում։

Գործարար Վահրամ Միրաքյանը, ով բանանի  առաջին խմբաքանակը ներկրեց 2016-ի դեկտեմբերին, մեզ հետ զրույցում նշում է․ «Մենք սուպերմարկետներին հանձնեցինք շուկայականից 30 տոկոս մատչելի գնով և հենց Ամանորից առաջ էլ սուպերմարկետներում սկսվեց վաճառքը: Որոշ տեղերում վաճառվում էր 1 կգ-ը 700 դրամով, որոշ տեղերում՝ մինչև 1200 դրամով: Բայց ո՞վ էր տեսել, որ Ամանորից առաջ բանանը 700 դրամով վաճառվեր»։

Ներկրման փուլում որևէ խնդիր չեն ունեցել, պետական մարմինների կամ այլով կողմից խոչընդոտներ չէին եղել, սակայն օգոստոսի 10-ին գործարարը ահազանգեց այն մասին, որ բանանի սառնարարանները փչացնելու փորձ է կատարվել․ անհայտ անձիք գիշերը մտել ու ծծմբաթթու էին լցրել սառնարանների կոպրեսատորների վրա։ Իսկ օրեր առաջ էլ հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կկարճվի։

Ովքե՞ր են բանանի շուկայում խաղացողները

2013 թվականից մինչև 2017 թվականի առաջին կիսամյակը բանանի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն է․ այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից․

«2013 թվականին բանանի ներմուծումներ են իրականացրել թվով 9 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներմուծման ծավալը ընդհանուր ներմուծված բանանի ծավալում կազմել է 92 տոկոս, իսկ 2016 թվականին ներմուծումներ են իրականացրել թվով 40 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներմուծման ծավալը ընդհանուր ներմուծված բանանի ծավալում կազմել է 57 տոկոս»,-հարցմանն ի պատասխան գրել են ՏՄՊՊՀ-ից։

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ բոլոր տարիների վերաբերյալ տեղեկություններ հայտնել չեն կարող, քանի որ ոչ բոլոր տարիներին են տարբեր ապրանքների շուկաների կառուցվածքի հետազոտություններ անում։ Միևնույն ժամանակ նշում է, որ շուկայի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները ստանում են ՊԵԿ-ից։ Պետական եկամուտների կոմիտեն, իհարկե, տիրապետում է, թե որ թվականներին որ ընկերությունները և ինչ քանակությամբ են բանան ներկրել։ Սակայն Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են սահմանափակված տեղեկություններ։ Մասնավորապես, թե կոնկրետ ընկերությունը ինչ քանակությամբ է ապրանք ներկրում առևտրական գաղտնիք լինելու հիմքով չի տրամադրվել։

ՊԵԿ-ից Իրավաբան.net-ին տրամադրված տեղեկությունների համաձայն 2016 թվականին բանանի հիմնական ներկրողներ են եղել  «Քեթրին գրուպ», «Մելատրոպիկ», «Ֆրուտ վորլդ» ՍՊ ընկերությունները, «Գարեգին Խաչատրյան Կառլոսի», «Արմեն Կիրակոսյան», «Արտակ Կիրակոսյան Վարաստադի», «Նվարդ Խաչիկյան» և «Արզուման Վերանյան» անհատ ձեռներեցների կողմից։

«Քեթրին գրուպը» և մյուս բանան ներկրողները

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը 2016 մայիսի 2-ից պատկանում է Անտոնիո Ռիկարդո Մերինոյին։ Նա նաև ընկերության գլխավոր տնօրենն է։ Մինչ այս 2012թ-ի փետրվարի 13-ից այդ 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը եղել է պանամական օֆշորում գրանցված Սենդոլինե կորպորացիան։ 

Ներկայիս ԱԺ պտագամավոր, նախկինում ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նույնպես մասնակցություն է ունեցել այս ընկերությունում։ Պետռեգիստրում չկան տվյալներ, թե նա ընկերության բաժնեմասերի որ տոկոսի սեփականատերն է եղել, սակայն նշվում է, որ 2008 թվականի մայիսի 20-ից մասնակցությունը դադարեցրել է։ Իսկ նրա կինը՝ Կարինե Մխիթարյանը 1997 թվականից մինչև  2015-ի դեկտեմբերի 8-ը եղել է ընկերության բաժնետերերից, և, վերջին տվյալներով, նրան է պատկանել ընկերության բաժնեմասի շուրջ 2 տոկոսը։

«Մելատրոպիկ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին։ Ընկերության 100 տոկոս բաժենամասի սեփականատերը Մելիտա Ղազարյանն է։ Հետաքրքրական է այն, որ նրա բնակության և ընկերության իրավաբանական հասցեն միևնույնն է։

Իսկ ավելի հետաքրքրական է այն, որ Մելիտա Ղազարյանի Linkedin սոցիալական ցանցում իր աշխատանքային փորձի հատվածում նշում է, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի առևտրի բաժնի ղեկավար։ Նա այս պաշտոնում աշխատում է 2006 թվականի սեպտեմբերից մինչ օրս։ Այսինքն, «Քեթրին գրուպ»-ում պաշտոն զբաղեցնող անձը բանան ներկրող մեկ այլ ընկերության սեփականատերն է։

«Ֆրուտ վորլդ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ներկայումս ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հրանտ Վարդգեսի Նազարյանն է։ Մինչ այս ընկերության սեփականատերն է եղել նրա հայրը՝ Վարդգես Նազարյանը։

Իսկ ահա 2008-2012 փետրվարի ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը եղել է Վարդան Դանղյանը։ Վերջինս 2015 թվականից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։ Երևանի քաղաքապետարանի կայքում տեղակայված նրա կենսագրությունում հետաքրքիր դրվագներ ենք տեսնում (Նկատենք, որ Վ․ Դանղյանի վերաբերյալ ինֆորմացիան արդեն իսկ հեռացված է կայքից, սակայն արխիվում ինֆորմացիան պահպանված է)։ Մասնավորապես, նա 2005-2007 թվականներին աշխատել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում շինարարական և բարեկարգման գծով փոխտնօրեն, իսկ 2008-2011 թվականներին՝  «Ֆրուտ Վորլդ» ՍՊԸ-ի տնօրեն։

Հետաքրքրական է նաև այն, որ թեև «Ֆրուտ Վորլդ»-ի սեփականտերերը Դանղյանից հետո փոխվել են, սակայն ընկերության իրավաբանական հասցեն մնացել է նույնը, իսկ այդ հասցեում հաշվառված է հենց Վարդան Դանղյանը։

Ֆեյսբուքյան իր էջում Դանղյանը հաճախ է տարածում նյութեր, որոնցում Միհրան Պողոսյանը դրական լույսի ներքո է ներկայացվում։


Կարող ենք հետևություն անել, որ միանշանակ հնարավոր չէ պնդել, թե բանանի շուկայում ոչ թե մենաշնորհ ունեցող, այլ գերիշխող դիրք ունեցող ընկերություն կա: Եվ քանի որ տնտեսական մրցակցության ոլորտում ներդրված չէ ընկերությունների իրական սեփականատերերի (ֆիզիկական անձանց) հրապարակայանացման ինստիտուտը, ապա պետական մարմինները միշտ էլ ներկայացնելու են պաշտոնական տվյալներ այս կամ այն շուկայի ոչ մոնոպոլիզացված լինելու վերաբերյալ:

Ի դեպ, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն մինչ Անտոնիո Ռիկարդո Մերինոյին պատկանելը, եղել է պանամական օֆշորում գրանցված «Սենդոլինե» ընկերությանը, որի իրական սեփականատիրոջ մասին տեղեկություններ չունի նույնիսկ պետությունը:

Տվյալներ՝ շուկայի կառուցվածքի վերաբերյալ

2017 թվականի առաջին եռամսյակում բանան հիմնականում ներմուծվել է «Քեթրին գրուպ», «Ֆրուտ վորլդ», «Փրայմ գուդս»,  և «Արմէկ թրեյդինգ» ՍՊ ընկերությունների և «Համեստ Մարգարյան», «Արկադի Գասպարյան Նորիկի» անհատ ձեռներեցների կողմից։

2016 թվականի դեկտեմբերին հիմնադրված «Փրայմ գուդս» ընկերության սեփականտերը Մարինե Վանիկի Համբարձումյանն է, իսկ նույն տարվա մայիսին հիմնադրված «Արմէկ թրեյդինգ» ընկերության սեփականատերը Վարդան Աշոտի Հարությունյանն է:

Բանանի շուկայի կառուցվածքի վերաբերյալ առավել մանրմանաս տեղեկությունները՝ ինֆոգրաֆիկայով:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել