«Ես դատարանից ակնկալում եմ, որ ճանաչի իմ անմեղությունը». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հնչեց վերջին խոսքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։

Այսօրվա դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը. «Նախ ուզում եմ մի փոքր խոսել Աննա Միսակյանի մասին: Խնդրում եմ Աննա Միսակյանին կրկին հրավիրել դատարան, քանի որ չկարողացա իրեն այն ժամանակ բոլոր հարցերը տալ»,- ասաց նա:

Ամբաստնայալը որոշակի տեղեկություններ հայտնեց հանցագործության հետ կապված, մասնավորապես ասաց, որ նա Անի Մաջնունյանի բնակարան է  այցելել  երեկոյան մոտավորապես ժամը 22-00-ի կողմերը և հեռացել  մոտավորապես գիշերվա ժամը 03։00-ի սահմաններում. «Հայտնաբերվել է մարմնի վրա ձեռքի հետք, որն իմ ձեռքի հետքը չէ»,- նշեց Մուշեղ Մխիթարյանը:

Դիակի փորձաքննության ժամի մասին խոսելով Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ այն հայնտաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին, սակայն մահվան ժամը հայտնաբերելու համար որևէ փորձաքննություն չի կատարվել:

Մուշեղ Մխիթարյանը պնդում էր, որ Անի Մաջնունյանի բնակարանից փաստացի ոչինչ չի կորել և չի հայտնաբերվել որևէ իր նաև իր իսկ բնակարանից. «Տուժող կողմը, որ ինձնից գումարներ է պահանջում, ասեմ, որ ես այդ գումարների հետ որևէ կապ չունեմ: Ես ոչինչ այդ տնից չեմ վերցրել և շահադիտական սպանություն չեմ կատարել»:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը  նշեց, որ ուղեղը գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Նշեց նաև, որ նախկինում այդպիսի խնդիր չի ունեցել, իսկ խոսքի վերջում դատարանից խնդրեց ճանաչել իր անմեղությունը:

Պաշտպան Մարինե Ֆարմանյանը դատարանին ներկայացրեց Մուշեղ Մխիթարյանի բնութագիրը, որը գրել ու ստորագրել էին ՀՀ Ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Ցոլակ Գալստյանը, Արմեն Եփրեմյանը: Բնութագրով նրանք դատարանին հայտնում էին, որ Մուշեղ Մխիթարյանն ընկերասեր է, աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և բնութագրվում է որպես դրական անձնավորություն:

Տուժողի (Անի Մաջնունյանի)  մայրը՝ Լորետա Գոլմիյանը, դատարանին հայտնեց, որ Մուշեղ Մխիթարյանի այն հայտարարությունը, թե նա Անիի տնից գնացել է գիշերվա ժամը 03։00-ին, սուտ է,  քանի որ գիշերվա ժամը 03։00-ին Անին արդեն մահացած է եղել. «Քո բոլոր խոսքերին ես պատասխան ունեմ: Ոչ էլ հերքի: Դու մեղավոր ես ու դու ես սպանել իմ երեխային: Դու մոլագար մարդասպան ես…ոչ թե մարդասպան, այլ մոլագար մարդասպան: Դու պետք է ցմահ դատապարտվես…ցմահ, եթե ոչ, ապա  ես աշխարհով մեկ…,- մայրը ժամանակ առ ժամանակ ընդհատում էր ձայնը՝ հուզմունքից ելնելով,- հիմա ինձ զանգում են աշխարհի տարբեր երկրներից…ես քեզ ցմահ պիտի դատապարտեմ», – նշեց Լորետա Գոլմիյանը:

Դատարանը վերջին խոսքի հնարավորություն տրվեց Մուշեղ Մխիթարյանին. «Ես դատարանից ակնկալում եմ, որ դատարանը ճանաչի իմ անմեղությունը: Խնդրում եմ հաշվի առնել իմ դիրքորոշումը և արդարացնել»,- ասաց նա:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և դուրս կգա 2018 թվականի մարտի 5-ին, ժամը 12։00-ին՝ հրապարակելու դատավճիռը:

Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել