Բերդի համայնքապետը որդու ընկերությունից է կատարել hամայնքի համար նախատեսված գնումները

Բերդի համայնքապետարանը  2017 թվականի հոկտեմբերի 25-ին  համայնքի կարիքների համար շինանյութերի մատակարարման երկու պայմանագիր է կնքել  «Անուշավան Մանուչարյան» ԱՁ-ի հետ։

Ըստ առաջին պայմանագրի, նախատեսվում է բնակելի շենքերի շքամուտքերի համար նախատեսված 254 հատ  մետաղապլաստե դուռ գնել: Ընդհանուր գինը  7 միլիոն 126 հազար դրամ է:  Այսինքն՝ ամեն դռան գինը 28 հազար դրամ է:Ըստ երկրորդ պայմանագրով նախատեսվում է 24 հատ մետաղապլաստե պատուհան գնել: Ընդհանուր արժեքը 456 հազար դրամ է, յուրաքանչյուր պատուհանի գինը՝  19 հազար դրամ: Համայնքապետարանը այս գնումները կատարել է իր որդուց։ Վաճառող Անուշավան Մանուչարյանը Բերդի համայանքապետ Հարություն Մանուչարյանի որդին է։ Սրա մասին է վկայում Անուշավանի հայրանունը, և այն, որ նրանք երկուսն էլ հաշվառված են միևնույն հասցեում։ «Անուշավան Մանուչարյան» ԱՁ-ի հասցեն նույնպես նույնն է, ինչ համայնքապետի հաշվառման հասցեն։ 

Նշենք, որ  Հարություն Մանուչարյանը  Բերդի համայնքապետն է 2012 թվականից, իսկ 2017 թվականի նոյեմբերին վերընտրվել է այս պաշտոնում։ 

Լուսանկարում Հարություն Մանուչարյանն է

Սոնա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել