Ձեզ հետաքրքրում է միայն այն, որ գտել եք 3 հատ ձեռնոց, 4 հատ «մասկա». Արթուր Վարդանյանը՝ մեղադրող կողմին

Այսօր տեղի ունեցավ Նորք Մարաշի զինված խմբի գործով  հերթական դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում: Գործը քննվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։ 

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, գործով անցնող 20 ամբաստանյալները նպատակ են ունեցել  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Այնուհետև մեղադրող կողմը ներկայացրեց ամբաստանյալների մոտ  հայտնաբերված նոթատետրերի մեջ եղած առանձնակի կարևորություն ունեցող տվյալները: Մասնավորապես նշվեց, որ նոթատետրերում տվյալներ են եղել ռազմամթերքի քանակի վերաբերյալ, ինչպես նաև նշված են եղել խմբի անդամների ծածկանունները: Մեկ այլ նոթատետրում  ծածկանուններով նշված են եղել այն տեղերը, որոնք հետաքրքրություն են ներկայացրել զինված խմբի համար: Դրանց թվում են եղել տարբեր պետական մարմինների, ինչպես օրինակ ԱԺ, Սահմանադրական դատարանն, և այլ գերատեսչությունների անվանումներ: Մեղադրող կողմը նշեց նաև հայտնաբերված տեսաձայնագրության մասին, որտեղ Արթուր Վարդանյանի ուղերձն էր․ այն պետք է եթեր հեռարձակվեր զինված խմբի կողմից իշխանությունը բռնությամբ զավթելուց հետո:

Մեղադրող կողմի ելույթից հետո հայտարարություն արեց ամբաստանյալ, ըստ մեղադրանքի, զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը:  Իր խոսքում նա նշեց, որ  ամբաստանյալներին ներկայացնում են որպես  հանցագործներ, բայց այսօր համար մեկ հանցագործը հենց մեղադրող կողմն է: Արթուր Վարդանյանը նաև ասաց, որ չնշվեցին ապրիլյան պատերազմի մասին եղած տեղեկությունները, որ կային նոթատետրի մեջ, բացի սրանից նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող որոշ տվյալներ, որոնք նույնպես կային մեղադրող կողմի ներկայացրած նոթատետրերում:

«Ձեզ հետաքրքրում է միայն այն, որ գտել եք  3 ձեռնոց, 4  հատ «մասկա» ,- նշեց Արթուր Վարդանյանը:

Դատական նիստի հետագա ընթացքում դատարանը նկատողություն արեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանին, քանի որ վերջինս խախտել էր դատական կարգը: Ստեփանյանը  փորձել էր խոսել  Արթուր Վարդանյանի հետ՝ ձայն տալով իրենից քիչ ավելի հեռու նստած Արթուր Վարդանյանին։ Թեև Վարդանյանը պնդեց, որ այդ ինքն էր կանչել Ստեփանյանի անունը, որպեսզի  նրան ինչ-որ բան ասեր:

Այնուհետև մեղադրող կողմը ներկայացրեց ամբաստանյալների հեռախոսահամարները, որոնցով նրանք, ըստ մեղադրող կողմի, գաղտնի խոսակցություններ են վարել: Այս տվյալների ներկայացումից հետո ելույթ ունեցավ Արթուր Վարդանյանը և  ասաց, թե չի հասկանում ինչպես են որոշել՝ որ հեռախոսահամարից է գաղտնի զրույց եղել, իսկ որից՝ ոչ։

 

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայցրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ մեկ այլ գործով նիստի պետք է մասնակցի։ Դատարանը բավարարեց միջնորդւոյթւոնն ու հաջորդ դատական նիստը նշանակեց մյուս ուրբաթ օրը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել