Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստն էր հրավիրված: Գործը քննվում է դատավոր Արման Բեկթաշյանի նախագահությամբ:
Նիստը սկսվեց նախատեսվածից մոտ կես ժամ ուշ: Այդ պահին, սակայն, դեռևս ներկա չէին պաշտպանական կողմի երեք փաստաբանները՝ Էդուարդ Աղաջանյանը, Զարուհի Հայրապետյանը և Ինեսսա Պետրոսյանը:
Չնայած պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները փորձեցին միջնորդություն ներկայացնել դատական նիստը շարունակելու վերաբերյալ, բայց դատարանը որոշեց հետաձգել այն՝ միանգամից նշանակելով հաջորդ երկու դատական նիստերի օրերը:
Դրանք տեղի կունենան մարտի 16-ին և 17-ին:
Հիշեցնենք, որ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, զինված խմբի անդամները նպատակ են ունեցել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սոնա Վարդանյան
Իրավաբան.net