Օբյեկտիվ գնահատականներ տալ և չվնասել․ իր աշխատանքային սկզբունքն է համարում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իրավաբան.net-ը նրա հետ զրուցել է խոցելի խմբերին պատկանող մարդկանց իրավունքի պաշտպանության, ինչպեսև վերջին շրջւանում հասարակության կողմից լայնորեն քննարկվող հարցերի շուրջ։
-Պարո՛ն Թաթոյան, ինչպես գիտենք, նոր կառավարության ձևավորումից հետո Դուք կկարողանաք մասնակցել կաառավարության նիստերին միայն վարչապետի հրավերով: Հնարավո՞ր է, որ այս նոր դրույթը որևէ կերպ խոչընդոտի Ձեր աշխատանքային գործունեության լիակատար իրականացմանը:
-Չեմ կարծում, թե սա որևէ կերպ կխոչընդոտի Պաշտպանի աշխատանքների իրականացմանը: Ընդ որում, կառավարության նիստերին մշտապես ներկա չլինելը միայն այս պաշտոնին չէ որ վերաբերում է: Ի դեպ, նշեմ, որ Պաշտպանի լիազորությունները մեծացել են կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ: Մենք կշարունակենք կատարել մեր գործը, ինտենսիվ այցեր իրականացնել, զեկույցներ պատրաստել, որտեղ անհրաժեշտության դեպքում նաև կոշտ գնահատականներ կտրվեն: Ինչպես նախկինում ենք համագործակցել մի շարք գերատեսչությունների հետ, այդպես էլ հիմա կանենք:
-Ինչպես Դուք էլ նշեցիք, մշտապես համագործակցում եք տարբեր գերատեսչությունների հետ: Եղած արձագանքները բավարարու՞մ են Ձեզ:
-Իհարկե, զգում եմ արձագանքը, որ կա իրենցից: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այնպիսինն է, որ չեն կարող ներկայացված զեկույցները լուրջ չընկալվել: Բնականաբար, գործադիր մարմինը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան, բայց մենք տեսնում ենք դրանք և մատնանշում ենք: Ես ինքս էլ աշխատել եմ տարբեր գերատեսչություններում և լավ պատկերացնում եմ այդ ամենը: Բոլոր հարցերը չէ, որ կարող են միանգամից կարգավորվել: Դրանցից շատերի լուծումը շարունակական աշխատանք է պահանջում և տևական գործընթաց է ենթադրում:
–Պաշտպանի կողմից 2017 թվականին զեկույց հրապարակվեց «ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Կմեկնաբանե՞ք, թե ինչու է այս թեման արդիական:
-Փախստականները, բնականաբար, խոցելի խմբում են գտնվում, ուստի հարկ համարեցինք առանձին զեկույցով անդրադարձ կատարել նրանց խնդիրներին: Զեկույցում մասնավորապես խոսվում է այն խնդիրների մասին, որ ունենում են ազատազրկված փախստականները: Օրինակ, լեզվին չտիրապետելը կարող է դժվարություններ ստեղծել նրանց համար:
-Ի դեպ, խոսելով ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց իրավունքներից, չենք կարող չնշել 2017 թվականի արտահերթ զեկույցը «ՔԿՀ- ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյա»: Ինչպե՞ս պարզ դարձավ, որ այդ խնդիրը հրատապ է և առանձին վերլուծության կարիք ունի:
-Այս խնդրի հետ կապված շատ էին բողոքները: Երբ ուսումնասիրեցինք դրանք, հասկացանք, որ առանձին վերլուծության կարիք կա: Սա այն խնդիրներից է, որի լուծումը շարունակական գործընթաց է ենթադրում, բայց կան նաև դրական տեղաշարժեր: Օրինակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մի շարք մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: Ես հասկանում եմ, որ սա ռիսկային գոտի է, բայց ազատազրկման վայրում մարդը ոչ թե պետք է խոշտանգվի, այլ հակառակը՝ պետք է պայմաններ ստեղծվեն, որ նրանք կարողանան հնարավորինս լավ վիճակով դուրս գալ այդտեղից: Ինչպես գիտենք, այդ մարդիկ դուրս գալուց հետո նույնպես խնդիրներ են ունենում, օրինակ՝ աշխատանք գտնելու հետ կապված:
– Զեկույցում անդրադարձ կա նաև բժշկական գաղտնիքի ապահովման խնդրին: Ինչու՞ է թիրախավորվել նաև այս հարցը:
-Մարդու իրավունքների պաշտպանի համար խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատելիս հիմնարար է չվնասելու սկզբունքը: Իսկ երբ խախտվում է բժշկական գաղտնիքը, սա, բնականաբար, կարող է վնասել տվյալ անձին: Հիմնական հարցերից մեկը, որ պետք է կարգավորվի, այն է, որ երբ մարդը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, ապա բժիշկը նրան պետք է վերաբերվի ոչ թե որպես դատապարտյալի, այլ որպես սովորական հիվանդի, և հակառակը՝ դատապարտյալը պետք է բժշկին վերաբերվի որպես բժիշկի, այլ ոչ քրեակատարողական հիմնարկի աշխատողի: Ընդ որում, դատապարտյալի հիվանդության, ինչպես նաև այն մասին, թե ինչ դեղեր է ընդունում դատապարտյալը և ինչ չափաքանակով, պետք է իմանան միայն բժիշկը և հիվանդը: Անթույլատրելի է նաև, երբ քրեակատարողական ծառայողի միջոցով է փոխանցվում դեղամիջոցը:
-«Նուբարաշեն» ՔԿՀ-ին դեռ նախորդ տարի առաջին հարկի բոլոր խցերը փակելու առաջարկ էիք արել: Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ մի մասն է փակված: Այժմ ինչպիսի՞ վիճակ է այնտեղ, բավարարվե՞լ է արդյոք Ձեր առաջարկը:
– «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն, իհարկե, բարվոք վիճակում չէ, և լավ կլիներ, որ փակվեին առաջին հարկի բոլոր խցերը: Այնտեղ վերանորոգում անելը ևս իմաստ չունի, քանի որ որոշ ժամանակ հետո նույն վիճակը կլինի: Ինչպես նշեցիք, մի մասը փակված է, մնացած մասի հետ կապված աշխատանքներ են կատարվում:
-Նույն հարցի հետ կապված դիմել էիք նաև առողջապահության նախարարություն: Ստացել էիք ընդհանրական պատասխաններ, իսկ հոգեբուժարանից ստացված պատասխանի մեջ նշված էր եղել, որ ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Դուք դարձյա՞լ դիմեցիք առողջապահության նախարարություն: Նրանք համոզվեցի՞ն, որ ներկայացված տեղեկատվությունը հավաստի է, թե՞ հարցը բաց մնաց:
-Ես այն ժամանակ էլ էի ասել և հիմա էլ կցանկանամ նշել, որ երբ ես որևէ տեղեկություն եմ տարածում, ապա դրա համար ամուր հիմքեր կան, դրանք հավաստի փաստեր են և անհիմն է ասելը, թե իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե, մենք նորից դիմել ենք առողջապահության նախարարություն և պարզաբանել ենք այդ իրավիճակը:
-Հայաստանում իրավունքների խախտման տեսանկյունից խոցելի խումբ են նաև հաշմանդամություն ունեցողները: Դեռ նախորդ տարի Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ զարգացվելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը: Ի՞նչ արդյունքներ կան այս ոլորտի հետ կապված:
-Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը մեր աշխատանքի գերակա ուղղություններից է: Մենք զեկույցների մեջ պարբերաբար անդրադառնում ենք նրանց խնդիրներին, բացի դրանից այցելում ենք տարբեր կենտրոններ, որտեղ գտնվում են, օրինակ, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Վերջերս նման դպրոցներից մեկի տնօրենը առաջարկեց անվանումների հետ կապված փոփոխություններ կատարել: Դրանք, օրինակ, կոչվում են մտավոր հետամնացների դպրոցներ: Մենք բավարար ուշադրություն չէինք դարձրել այս հարցին, բայց այժմ նաև այդ խնդրով ենք զբաղվելու:
-Քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքերից հետո, Դուք դիմել եք գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Քրեական վարույթից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Այս դեպքում կարևորն այն էր, որ արագ արձագանք եղավ մեր կողմից: Մնում է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կունենա քրեական վարույթը: Կանխավ որևէ բան չէի ցանկանա ասել:
Հարցազրույցը՝ Սոնա Վարդանյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Իրավաբան.net