Այն, որ արդարադատության նախարարության կազմում գտնվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տարիներ շարունակ օգտվել է «Քեթրին գրուպ» ընկերության ծառայություններից, վաղուց այլևս նորություն չէ: Դեռևս նախորդ տարվա հուլիսին Իրավաբան.net-ը հրապարակել էր, որ ԴԱՀԿ ծառայությունը ավտոմեքեների վերանորգման ծառայությունների պայմանագիր է կնքել «Քեթրին գրուպ» ընկերության հետ և վճարել ավելի քան 3 միլիոն դրամ:
Այս գնման վերաբերյալ մենք դիմել էինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին՝ խնդրելով քննել այս հարցը և շահերի բախման առկայության դեպքում համապատասխան վարույթ հարուցել:
Բանն այն է, որ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրից հայտնի է դառնում, որ այս ընկերության հիմնադիրը հենց Միհրան Պողոսյանն է: Ի պատասխան մեր դիմումին, հանձնաժողովից հայտնել էին.
«…ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, թեև հանդիսացել է «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկը, սակայն 15.05.2008 թվականին իր բաժնեմասն օտարել է: Ներկայումս «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության միակ մասնակից է հանդիսանում «Սանդոլինե Կորպորացիա» ընկերությունը»:
Իսկ «Սանդոլիա կորպորացիան», որը և հենց «Քեթրին գրուպի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, գտնվում է Պանամայում (քաղաք Պանամա, Ակիլինո դե լա Գուարդիա, 8 փողոց): Ըստ Google Map-ի՝ նշյալ տարածքում բարձրահարկ մի քանի շինություններ են:
Այս ընկերության վերաբերյալ տեղեկություններ գտնելը պարզապես անհնարին էր, ինչպեսև պանամական օֆշորում գրանցված մյուս ընկերությունների վերաբերյալ: «Սանդոլինա կորպորացիայի» մասին հիշտակումներ չկան նաև վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Պանամական փաստաթղթերում»:
Պանամայի դռները փակ են նաև Հայաստանի առջև: Եվ օֆշորային գոտում գրանցված ընկերության վերաբերյալ տեղեկություններ չի կարող ստանալ պետությունը, եթե նույնիսկ այդ ընկերությունը առնչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյանի անվան հետ: Մասնավորապես և այս դեպքում, Էթիկայի հանձնաժողովից մեզ պատասխանել են.
«Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Հանձնաժողովը հիմքեր չի հայտնաբերել շահերի բախման իրավիճակի առկայության փաստի առնչությամբ վարույթ հարուցելու համար»:
Ի դեպ, նշենք, որ «Քեթրին գրուպ» ընկերության ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ «մրգերի ներկրման և իրացման ոլորտում Ընկերությունը հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր է գրավում` գլխավորապես ներկրելով բանան, ցիտրուսներ և տրոպիկական այլ մրգեր»: Այն նաև զբաղվում է մանկակական կերերի և այլ սննդամթերի ներկրմամաբ, նաև գործում է ավտոմեքեների, տուրիզմի, ագրոբիզնեսի ոլորտում:
«Պանամական փաստաթղթեր»
Ապրիլի 3-ից ի վեր աշխարհի տարբեր լրատվամիջոցներ սկսեցին հրապարակումներ անել՝ «Պանամական փաստաթղթեր»-ի հիման վրա: Սա ախխիվային փաստաթղթերի ամենամեծ արտահոսքն է: Հրապարակվել են Mossack Fonseca իրավաբանական ընկերության 1977-2015 թվականների գործունեությանը վերաբերող ավելի քան 11 միլիոն փաստաթուղթ և 2.6 տերաբայթ տվյալներ: Այս փաստաթղթերում բացահայտվում են միլիարդավոր դոլարներ թաքցնելու օֆշորային մեխանիզմները, որոնք կիրառվել են աշխարհի հայտնիների կողմից:
Այս փաստաթղթերը նախևառաջ հայտնվել են գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի ձեռքին, վերջինս էլ դրանք փոխանցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ):
«Պանամական փաստաթղթեր»-ից հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը մի քանի ընկերություններում խոշոր բաժնեմասեր ունի, մինչդեռ նա բազմիցս հերքել է բիզնես գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկությունները:
Նշենք նաև, որ ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իշխանություններին՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին և Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին՝ իրենց իրավասությունների շրջանակներում անցկացնել պատշաճ քննություն «Պանամական փաստաթղթեր»-ում բացահայտված տեղեկատվության հիման վրա: