Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում

Կոռուպցիայի դեմ պայքարը 2016թ.-ին ընթացել է մի շարք ուղղություններով: Օրենսդրական դաշտում մշակվել են իրավական ակտեր, որոնցից առաջինը և ընդունվածը ապօրինի հարստացման քրեականացման նախագիծն է: Մյուս կողմից էլ որոշ առաջարկներ դեռևս քննարկվում են, ինչպես օրինակ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և այլն:

2016թ.-ին ԱԱԾ-ն կոռուպցիոն գործերով 5 խոշոր ձերբակալություն է իրականացրել, իսկ դատավոր Խաչատուր Խաչատրյանը, ում նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 20 հազար դոլար կաշառք վերցնելու համար նախորդ տարի դատապարտվեց ազատազրկման:

Ինչո՞վ առանձնացավ 2016թ.-ը և ի՞նչ է իրականացվել այս ընթացքում:

Իրավաբան.net-ը 2016-ի ամփոփումը ձեզ է ներկայացնում ժամանակացույցի (timeline-ի) միջոցով:

Զորակոչն առանց կաշառքի

Զորակոչի մեկնարկով, ՊՆ-ն փորձեց կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել՝ գործարկելով զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքը:

Կաշառք՝ ֆուտբոլում

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվեց արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից  կաշառք ստանալու դեպք: 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր  Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը   համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև:

Կոռուպցիա՝ նպաստների համակարգում

Կառավարությունը հայտարարեց, որ կոռուպցիոն խնդիրներ է արձանագրել նպաստների համակարգում

Հրապարակվեց կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթիվը

Ըստ ցուցանիշների՝ Հայաստանը գտնվում 95-րդ հորիզոնականում, նախորդ տարի մեր երկիրը 94-րդ հորիզոնականում էր, վերջին ցուցանիշով, այսինքն՝ 2015թ.-ի համաթվով Հայաստանի գնահատականը 35 միավոր է, 2014-ին՝ 37, 2013թ.-ին՝ 36, իսկ 2012թ.-ին՝ 34 միավոր:

Կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պայմանագիր կնքեց

Պայմանագիրը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ էր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար:

Մարզահամերգային համալիրը վերցրեցին ՊՆ-ից

Կառավարության նիստին չեղյալ ճանաչվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ը ՊՆ-ին ամրակցելու որոշումը: Համալիրի վաճառքը վերածվել էր կոռուպցիոն սկանդալի:

Պաշտպանություն կոռուպցիայից. Սերժ Սարգսյան

Նախագահը օրենսդիր, դատական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպամնը հայտարարեց, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից:

Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիայի. զեկույց

Իր նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է կարևոր խնդիր հանդիսանալ հայաստանյան հասարակության համար:

Ապօրինի հարստացման միջազգային փորձը սկսվեց ուսումնասիրվել

Արդարադատության նախարարության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված աշխատանքային խումբը մեկնարկեց ապօրինի հարստացման քրեականացման միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Հափշտակություն՝ ԵՄ-ից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվեց է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով:

Դրամաշնորհ՝ ՀԿ-ներին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հաղթած 5 ՀԿ-ների ղեկավարների հետ դրամաշնորհի պայմանագիր կնքեց:

Հակակոռուպցիոն համաժողով

Մեր երկրում այսօր համար մեկ խնդիրը անպատժելիության վերացումն է: Կառավարություն – Քաղաքացիական հասարակությու հակակոռուպցիոն համաժողովին վստահեցրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց, այն բանից հետո, երբ պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իր անունը. «Ցավում եմ…»,- գնացողի վերջին խոսքերն էին:

Բիզնեսը սկսեց խոսել կոռուպցիայի մասին

Մեկնարկեց «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովը

Մենք Հայաստանի բարեկամն ենք ու գործընկերը

«ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Ամեն տարի մենք ծախսում ենք շուրջ 50 միլիոն՝ որպես ԵՄ»,- Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայտարարվեց ապօրինի հարստացման քրեականացման մասին

Տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունները:

Իրական սեփականատերեր ու օֆշորներ

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում Կարեն Զադոյանը նաև ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Կառավարությունը մշակել է համապատասխան փաթեթը:

Կոռուպցիան՝ գնումների ոլորտում

Կոռուպցիան պետական բյուջեին հատկապես մեծ վնաս է տալիս, եթե առկա է գնումների ոլորտում: Կապանում տեղի ունեցավ հակակոռուպցիոն հանդիպում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը վստահ է, որ պատերազմը փոխեց շատ բան, պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ունի արյան տեսք:

Դատավորին դատապարտեցին կաշառքի համար

20 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյան առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 8 ազատազրկման:

Հակակոռուպցիոն անկախ մարմնի քննարկումներ

ԱՆ հանրային խորհրդի անդրանիկ նիստին քննարկվեցին հակապոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցերը: Մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամները:

Հերթական դրամաշնորհները՝ ՀԿ-ներին

ԵՄ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլի հաղթող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տվեց ԻՀԱ-ն:

Դատավորը ձերբակալվեց կաշառք ստանալու համար

Ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվեց Շենգավիթի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը: Նրան աջակցելու համար ձերբակալվեց նաև փաստաբան Էլզա Զաքարյանը:

Ամփոփվեցին բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ տեղի ունեցավ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը:

Կողմ են

«Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպման ժամանակ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հայտարարեց. «Մենք պետք է եռաչափ մոտեցում ձևավորենք: Մենք զրոյից պետք է ստեղծենք մարմին այն չափանիշների հիման վրա, որով համաշխարհային հանրությանը հաջողության է հայտնվել»:

Լիտվայի հակակոռուպցիոն փորձը

Լիտվայի ՀՔԾ տնօրենը՝ Սաուլիուս Ուրբանավիցիուսը վստահ է՝ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն մեթոդը հենց անկախ ունիվելսալ հակակոռուպցիոն մարմին ունենալն է, որը կիրականացնի երեք հիմնական գործառույթներ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ:

ԱԱԾ-ն ձերբակալեց քաղաքապետարանի աշխատակցին

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

Հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն և համաժողով

Միջազգային հակակոռուպցիոն օրը տեղի ունեցավ ամենամյա մրցանակաբաշխության և հակակոռուպցիոն քննարկում:

Կոռուպցիան՝ ԲՍՓ ոլորտում

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արման Պետրոսյանը ձերբակալվեցին կաշառք ստանալու կասկածանքով:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը փոխվեց

Կառավարությունն ընդունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները:

Ապօրինի հարստացումը կքրեականացվի

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց մինչ այդ ԱԺ-ի կողմից ընդունված՝ ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ փաթեթը: Ապօրինի հարստացումը կքրեականացվի 2017 թվականի հուլիսի 1-ից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ