Առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը 120 միլիարդ դրամ է, ոչ սպիտակ դաշտում կատարվողը՝ 85 միլիարդ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում է անկաշկանդորեն. դրանք առկա են, հայտնի է՝ որտեղ, և դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվում են: Իրավաբան.net -ի «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի զրուցակիցը Լևոն Ալթունյանն է:
–Պարոն Ալթունյան, խնդրում եմ ներկայացրեք առողջապահության ոլորտում առկա ներկայիս հիմնական խնդիրները և դրանց ուղղությամբ կատարվող քայլերը:
-Շատ ծավալուն հարց է: Ընդհանուր խնդիրը, առաջին հայացքից, գումարի բացակայությունն է: Մենք այս տարի պետպատվերը բաշխելիս բուժեկենտրոններից մոտ 5 միլիարդ դրամի պահանջարկ ունեինք, սակայն կարողացանք բաշխել 1.8 միլիարդ գումար, մյուս մասը, ցավոք, մնաց չծածկված: Եվ եթե 2017 թ-ի համար մենք հայթայթենք այդ 5 միլիարդը, ապա հայաստանյան բժշկությունը պետք է որ հարց չունենա: 5 միլիարդը մենք հայթահայթել ենք՝ տարբեր տեսակի տնտեսումների, ծախսերի, մեքենաների կրճատումների, գույքի օտարումների հաշվին, բայց ես չեմ համարում, որ մենք բոլոր պրոբլեմները լուծել ենք:
Այսօր մեր հիմնական նպատակը ծախսերի օպտիմալացումն է: Այսինքն, հայտարարել մի օր, որ 3 միլիոն բնակչության համար մենք ունենք բավարար և ռացիոնալ քանակի ամբուլատոր և հիվանդանոցային բուժհաստատություններ: Եթե լինեն մարդիկ, որ կցանկանան նոր բուժկենտրոններ բացել, կարող են, սակայն պետական ծրագրեր իրականացնելու հավակնություն չունենան: Քանի որ գումար փոշիացնելով մենք ուղղակի ծառայության գինն ենք բարձրացնում: Եթե մենք ուզում ենք պահել հաշվապահություն 1000 բուժկենտրոնում, պարզ է, որ բժշկական ծառայությունները ավելի թանկ կլինեն, քան եթե մենք պահենք 10 հաշվապահություն՝ տասը բուժկենտրոնում: Միշտ կան հիմնական և օժանդակ ծառայություններ մատուցողներ և այդ ծառայությունները ապահովող օղակներ:
–Այսօր խոսվում է այն մասին, որ մարզերում խնդիր կա՝ բուժկենտրոնների քիչ լինելու հետ կապված։ Արդյո՞ք այս դեպքում այդ խնդիրը չի սրվելու։
– Կա խնդրի երկու կողմ: Մեկն այն է, որ մարզերում ինչ-որ ծառայությունների առաջարկը բավարար չէ, մյուսը՝ ինչ-որ ծառայությունների առաջարկը կա, բայց բնակչությունը նախընտրում է գալ Երևան և մարզում չօգտվել այդ ծառայությունից, թեկուզև Երևանում նույն ծառայությունը կարող է մի քիչ ավելի թանկ արժենալ։ Դա, թերևս, բացատրվում է բուժծառայությունների ավելի բարձր որակով:
Մենք հիմա հետազոտական աշխատանք ենք կատարում՝ փորձելով պարզել, թե որ ծառայությունները պետք է մոտեցնենք շահառուներին, և որ ծառայությունները կարող ենք կենտրոնացնել մայրաքաղաքում կամ մարզկենտրոններում: Եվ պարզել, թե ինչ է պետք, որպեսզի մարդը բավարար ժամանակում տվյալ ծառայությունից օգտվելու հնարավարությունն ունենա։ Սկզբունքն այս է․ օրինակ, եթե հայտարարում ենք, որ սրտի կաթվածից հետո առավելագույնը մեկուկես ժամվա ընթացքում ՀՀ բնակիչը պետք է հնարավորություն ունենա սրտի ստենտավորման, ապա հաշվարկում ենք շտապօգնության, հիվանդանոցում պատրաստվելու, ճանապարհի ժամանակը (մենքենայի արագությունը), և ստանում ենք, որ, օրինակ, պետք է բնակավայրերից 35 կմ շառավղով հեռավորության վրա ունենալ մի բուժկենտրոն, որը ունի հմուտ աշխատակազմ և ապահովում է սրտի ստենտավորումը: Մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ և ոչ թե այն կարծրատիպով, որ ցանկացած քաղաքում պետք է լինի բուժկենտրոն:
․․․Ներկայումս առողջապահության բյուջեն 85 միլիարդ դրամ է, սակայն բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ շուրջ 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն կա։ Մեր նպատակն է այդ գումարը դուրս բերել սպիտակ դաշտ: Ես երևի առաջին անգամ հայտարարեմ, որ մեր առողջապահության ծրագրում կա մի կետ՝ 5 տարում առողջապահության բյուջեն 85 միլիարդից դարձնել 300 միլիարդ դրամ:
–Ինչպե՞ս:
-Ասեմ․ 85 միլիարդը և 120 միլիարդը ստվերից դուրս բերելով ունենում ենք 205 միլիարդ։ 5 տարվա ընթացքում այդ 85 միլիարդը աճելու է տարեկան 5 կամ 10 տոկոսով, այսինքն՝ դառնում է 240 միլիարդ։ Մնացած գումարի մասով մենք նախատեսում ենք կյանքի կոչել մի ծրագիր, որով ծխախոտի և ալկոհոլի վաճառքներից հատկացումներ կլինեն առողջապահության բյուջեին, որպեսզի դրանց նեգատիվ ազդեցությունը առողջության վրա որոշակիորեն չեզոքացվի: Եվ մյուս կողմից՝ ապահովագրական ծրագրերի ավելի ծավալուն ներդրում։
–Իսկ ե՞րբ է նախատեսվում ներդնել այդ ապահովագրական ծրագիրը։
-Ես նկատի ունեմ կամավոր ապահովագրության ծավալուն ծրագրերի ներդրումը։ Այն, ինչի մասին Դուք եք հարցնում, պարտադիր ապահովագրության մասին է։ Ամեն դեպքում, դա կլինի 300 միլիարդի շրջանակներում: Շատ հնարավոր է, որ այս 300 միլիարդից պետությունը 100 միլիարդը հատակացնի սոցիալական որոշակի խմբերի և որոշ հիվանդությունների դեպքերում ապահովագրության համար։
–Իսկ այդ 300 միլիարդ դրամի ծրագիրը արդյո՞ք ենթադրում է բուժօգնության մատչելիություն:
-300 միլիարդի բյուջեն նշանակում է, որ ոչ մի կոպեկ ոչ մի քաղաքացուց չպետք է գանձվի: Իսկ այդպիսի փորձերը պետք է պարզապես դիտվեն հանցագործություն: Դա նշանակում է, որ ներկայիս գների ու ծառայությունների հաշվարկով մենք խոսում ենք 100 տոկոս մատչելիության մասին:
–Այսինքն, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի անվճար բուժօգնություն կստանա՞՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր ունի:
-Այո, այսօրվա գների և ծառայությունների ցանկի դեպքում: Եթե վաղը, օրինակ, ի հայտ գա նոր տեխնոլոգիա օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար, որն արժենա 100 միլիոն դրամ (ներկայումս մի հիվանդի տարեկան բուժման գինը 5-10 միլիոն դրամ է), ապա, բնական է, որ դրա մասին չի կարող խոսք լինել, մենք չենք կարող այդ 300 միլիարդի մեջ դա տեղավորել:
–Նշեցիք ստվերային շրջանառության մասին։ Կասե՞ք՝ ինչ տեսքով է այդ գումարը ստվերում մնում և ինչպե՞ս եք այն մաքուր դաշտ բերելու:
-Ասեմ, որ դա իմ հնարած թիվը չէ, այլ միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտություններում է նշվել։ Ես, որպես քաղաքացի, գիտեմ՝ որտեղ է այդ գումարը: Դա այն 5000 դրամներն են, որ մենք տալիս ենք բժիշկներին կամ 50000-ները, որ մենք կատարում ենք համավճար՝ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման։ … Հուսամ, որ դա ձեզ համար նորություն չի:
–Նորություն է, որ Դուք եք դրա մասին ասում:
-Правда, толко правда и ничего кроме правды …Եթե բժիշկը ստանում է 70 հազար, կամ 170 հազար դրամ աշխատավարձ, ոչ ոք բարոյական իրավունք չունի իրեն զրկել այդ ստվերային գումարներից: Եթե մենք ուզում ենք բուժվել, այդ պրոցեդուրայի անունը բուժում դնենք, մենք պարտավոր ենք բժշկին վայելուչ աշխատավարձ վճարել: Այսօրվա գներով ես վայել աշխատավարձը համարում եմ ոչ պակաս, քան 500-700 հազար դրամը: Թող 400 հազար լինի, բայց ոչ պակաս:
–Երբ vox pop հարցումներ են արվում, ամենակոռումպացված ոլորտներից է նշվում առողջապահությունը: Ըստ Ձեզ, ինչու՞ է այդպես ընկալվում:
-Օբյեկտիվ, ապահովագրական վիճակագրությամբ՝ մեկ անհատի կողմից բժշկին դիմելու քանակը տարեկան մոտ 2.8-3.5 սահմանում է տատանվում: Այսինքն, մենք տարեկան ունենք շուրջ 9 միլիոն դիմում բժշկին: Համոզված եմ, որ այդ 9 միլիոնի դեպքում գումար չեն տալիս։ Կարծում եմ, դա կարող է լինել միայն 10 տոկոսի դեպքում։
Երկրորդ հերթին՝ ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, որ չեմ համարում կոռուպցիա այն գումարները, որոնք որպես շնորհակալություն տրվում են բժշկին: Եթե կոնյակ կամ ծաղիկ գնելու փոխարեն այդ գումարը դնում է սեղանին կամ բժշկի գրպանը՝ սենյակից դուրս գալուց առաջ, դա կարելի է շնորհակալություն հայտնելու կուլտուրայի պակաս համարել, բայց ոչ կոռուպցիա։ Այլ բան է, երբ գումարը պահանջվում է, երբ ծառայություն ստանալը դրվում է կախվածության մեջ գումարից, երբ գումարը պահանջվում է նախօորոք։ Ուրիշ բան, երբ այդ գումարները սկսում են իրենց երկրորդական շրջանառությունը, այսինքն՝ բժշկից անցնում են այլ օղակներ՝ դեղատանը կամ շտապօգնության աշխատողին կամ տուրիստական գործակալին, ով այդ հիվանդին ուղղորդել էր բժշկի մոտ: Կամ երբ բժիշկը այդ գումարներից տալիս է իր բաժնի վարիչին, վարիչը՝ գլխավորին, և այլն։ Կամ բժիշկը գումար է ստանում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներից՝ իրենց դեղերը նշանակելու համար։ Դա արդեն կոռուպցիա է: Մենք հասկանում ենք, որ ժամանակն է այդ ամենը փոխելու:
–Իսկ կա՞ համապատասխան մեխանիզմ՝ այդ հարցը կարգավորելու համար:
-Իհարկե, կա: Մենք կարող ենք հայտարարել, որ բժիշկը պետք է ստանա 500 հազար դրամ: Եվ բուժկենտրոնների ադմինստրատիվների խնդիրն է դա ապահովել: Եվ մենք դրա դիմաց կպահանջենք, որ բժիշկն ունենա համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
–Բոլոր մեծ բուժկենտրոնները մասնավոր են, արդյո՞ք առողջապահության նախարարությունը ունի լծակներ այդ բուժկենտրոնների ադմինիստրացիայի առջև նման խնդիր դնելու:
-Ուղղակիորեն՝ ոչ, և չի կարող խառնվել մասնավոր տնտեսվարող սուբյեկտի գործերի մեջ: Մյուս կողմից, եթե տվյալ հիվանդանոցը չհամապատասխանի այսօրվա պահանջներին, մենք միշտ հնարավորություն ունենք վերանայելու պետպատվերի բաշխման բազաները, զուտ տնտեսական մեխանզիմների հնարավորություն միշտ կա:
-Արդյո՞ք ինքներդ վերահսկում եք ձեր գերատեսչության կողմից կատարավող գնումները: Նկատե՞լ եք խնդիրներ և ի՞նչ լուծումներ եք փորձում տալ:
-Այսօր վերահսկում ենք մենք: Ի՞նչ կլինի մոտ ապագայում, երբ միանան պետգնումների բոլոր օղակները: Պետք է որ ավելի լավ լինի, որովհետև վերահսկելի կլինի մեկ կետից: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դեղորայքի ու սպեցիֆիկ սարքավորումների գնումները կմնան նախարարության լիազորությունը: Եվ այս դեպքում, ես հույս ունեմ, կդնենք այնպիսի մի համակարգ, որը կպատասխանի ոչ միայն հարցին, թե որ գնով ենք առել և ինչու ենք այդ գնով առել, այլ թե ինչ ենք ձեռք բերել որակապես և ինչու ենք հենց այդ քանակը ձեռք բերել: Մեծ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ չարաշահումների մեծ մասը կատարվում է ոչ թե գնային, այլ քանակային խեղաթյուրումների դեպքում: Օրինակ, երբ տան համար անհրաժեշտ է 20 ձու, բայց շատ լավ գնով ձեռք եք բերում 150 հատ ձու: Մշակվել են այդ չարաշահումների դեմ «հակաթույներ»: Եվ առաջինը թափանցիկությունն է, որի դեպքում միշտ կարելի է ծախսվածի տրամաբանությունը պարզել:
–Կառավարության ծրագրում ներառված է ապօրինի հարստացումը քրեականացնելու նախագիծը։ Համամի՞տ եք այս քայլի հետ։
-Կարող եմ ասել՝ երկու ձեռքով կողմ եմ: Եթե հնարավոր է ավելի խստացնել, կողմ եմ ավելի խստացնելուն:
– Ըստ Ձեզ, պետական պաշտոնյան ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա:
-Առաջինն ասացի՝ Ճշմարտություն, միայն ճշմարտություն և ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Երկրորդը՝ ոչ մի դեպքում չտարաջատել պաշտոնյայի արժեհամակարգը հումանիստիկ արժեհամակարգից:
–Պարոն Ալթունյան, մեր իրականությունում վաղուց նորություն չէ, երբ պաշտոնյաները չեն հավանում նախորդների ընտրած կահույքն ու վերանորոգումը, և նշանակվելուց հետո անցնում են փոփոխություններ կատարելուն:
-Ես օրիգինալ չեմ, ես արեցի համարյա նույնը և լուսավորությունը փոխեցի, ուժեղացրեցի լուսավորությունը. դա կարելի է բացատրել Ձեր ասած ֆենոմենով կամ էլ, որ ես Արմեն Աբգարիչից (նախկին նախարար Արմեն Մուրադյան,-հեղ.) 10-15 տարով մեծ եմ և միգուցե իմ տեսողությունն ավելի վատ է:
–Եվ միա՞յն:
-Այո: Եվ ավելացրեցի այս գրատախտակը, որն ունենալը բիզնեսից մնացած սովորույթ է՝ օրական, ամսական ծրագրերը, նպատակները դասակարգելու:
Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Տես նաև՝
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ