Ապօրինի հարստացման հանցակազմի նախատեսման անհրաժեշտությունը միանգամայն հիմնավորված է. փաստաբան Զորայր Հարությունյան

Ապօրինի հարստացման քրեականացումը անգամ ուշացած է: Փաստաբան Զորայր Հարությունյանի համոզմունքն է. «Նմանօրինակ հանցակազմի ամրագրումը մի քանի անգամ կավելացնի գրանցվող հանցադեպերի քանակը, իհարկե օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության պայմաններում։ Պետք է նշել, որ էապես կբարձրանա հասարակության դերակատարությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Երիտասարդ փաստաբանի դիտարկումների մասին կարող եք կարդալ հարցազրույցում:

– Ըստ Ձեզ նպատակահարմա՞ր է մեր երկրում քրեականացնել ապօրինի հարստացումը և ի՞նչ կտա այն:

– Կարծում եմ, որ ապօրինի հարստացման համար պատասխանատվություն նախատեսելուն ուղղված այս քայլն անգամ ուշացած է, այս նախագծի կարիքը բավականին ժամանակ արդեն զգացվում էր։ Այն խնդրի արդիականությունը, որի լուծմանն է ուղղված այս նախագիծը, այն աստիճանի հիմնավորված է, որ թերևս յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացատրել այդպիսի արարքի քրեականացման անհրաժեշտությունը։ Սակայն, ինչպես բոլորիս հայտնի է մի շարք նորմեր երբևէ չեն գործում, անգամ պետության կողմից դրանք օրենսդրական մակարդակով ամրագրելուց հետո։ Կարծում եմ, որ իրավապահ համակարգը մշտադիտարկումներ իրականացնելով պետք է հետամուտ լինի նախագծով սահմանված հանցակազմի տարրեր հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու հարցում։ Հակառակ դեպքում մենք ընդամենը կունենանք ևս մեկ «մեռյալ նորմ»։

– Ապօրինի հարստանալը կոմպլեքս հանցակազմ է, այսինքն՝ պետք է լինի կոռուպցիա, նաև հափշտակություն և այլն: Չե՞ք կարծում, որ այս հանցագործությունների կանխմամբ հնարավոր է հասնել նրան, որ մարդիկ ապօրինի չհարստանան ու կարիք չլինի նոր հոդված ավելացնել օրենսգրքում:

– Դուք միանգամայն իրավացի եք, սակայն Ձեր կողմից նշված կոռուպցիոն դրսևորումները, որպես կանոն ունեն լատենտայնության բարձր աստիճան, ինչը էապես բարդեցնում է իրավապահ մարմինների կողմից նմանօրինակ իրավախախտումների դեպքերի բացահայտման գործընթացը։ Այս հանցակազմի էությունը կայանում է հենց նրանում, որ այլ հանցագործությունների (օրինակ՝ կաշառք ստանալը) բացահայտման անհնարինության պայմաններում, հնարավոր լինի բացահայտել կոռուպցիոն դրսևորումները այլ ճանապարհներով։ Ենթադրվում է, որ պաշտոնատար անձը ապօրինի ստացված միջոցները ծախսում է սեփական ակտիվների վրա, որոնց հայտնաբերումը մի քանի անգամ ավելի հեշտ է քան կաշառք ստանալու դեպքի բացահայտումը։ Այդպիսի ակտիվների բացահայտման դեպքում, դրանց պարզ համադրումը անձի պաշտոնապես հայտարարագրված եկամուտների հետ հնարավորություն կընձեռնի կանխել, բացահայտել կոռուպցիոն դրսևորումները կամ դրանք ավարտված լինելու դեպքում պատասխանատվության կանչել մեղավոր անձանց։ Ելնելով վերոգրյալից, կարծում եմ որ այսպիսի հանցակազմի նախատեսման անհրաժեշտությունը միանգամայն հիմնավորված է։

– Նախագծով նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում, սա մե՞ղմ, թե՞ խիստ պատիժ է ապօրինի հարստացողների համար:

– Ազատազրկման ձևով նախատեսվող պատժի չափը կարծում եմ համարժեք է կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանին և բավարար է պատժի նպատակներին հասնելու համար։ Հանցագործության կատարման համար նախատեսված սանկցիան նախատեսում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, ինչը էապես նպաստում է կատարված արարքի համար սահմանված պատժի համաչափության ձևավորմանը։ Կարծում եմ, այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս հանցակազմի վերաբերյալ միջազգային փորձին։ Այսպես մի շարք երկրներում կասկածվող անձը ինքը պետք է հիմնավորի իր եկամտի աղբյուրների օրինականությունը։ Այսինքն, ապացուցման բեռը կրում է կասկածյալը կամ մեղադրյալը։ Կարծում եմ, օրենսդիրը պետք է նմանօրինակ բացառություն սահմանի անմեղության կանխավարկածի սկզբունքից։

– Եթե օրենքն ընդունվի ու ապօրինի հարստացումը քրեականացվի, ի՞նչ պետք է հաջորդի դրան:

– Դրան պետք է հաջորդի երկար, քրտնաջան աշխատանք իրավապահ մարմինների կողմից։ Կարծում եմ, նմանօրինակ հանցակազմի ամրագրումը մի քանի անգամ կավելացնի գրանցվող հանցադեպերի քանակը, իհարկե օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության պայմաններում։ Նաև պետք է նշել, որ էապես կբարձրանա հասարակության դերակատարությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտները ինքնուրույն դիտարկումներ իրականցնելով և հայտնաբերելով քննարկվող հանցակազմի տարրերը, կարող են տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին և պահանջատեր լինել մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

– Ո՞ր մարմինը լավագույնս կկարողանա պայքարել ապօրինի հարստացման դեմ՝ ՀՔԾն, անկախ մարմինը, թե անկախ ունիվերսալը:

– ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայությունը, մասնավորապես՝ քննարկվող հանցակազմի սուբյեկտ հանդիսացող անձանց մեծամասնության վերաբերյալ քննությունը, համաձայն հիշատակված իրավադրույթի, իրականացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից։ Առանձին դեպքերում, երբ խոսքը գնում է օրինակ քաղաքացիական ծառայողների կողմից հանցանք կատարելուն ապա դրա վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից։

Կարծում եմ, որ քննչական ենթակայության կանոնների մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ ապօրինի հարստացման դեմ «լավագույնս» պայքարող մարմին պետք է հանդիսանա համապատասխան հսկողություն իրականացնող մարմինը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ