Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կան բիզնես ոլորտում. մեկնարկեց աշխատաժողովը

Բիզնես ոլոտում առկա կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու և դրանց լուծման եղանակները տրամադրելու համար շուրջ մեկ տարի առաջ սկսվեցին ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետության ներկայացուցիչների համատեղ քննարկումները:

Բիզնեսը սկսեց խոսել ու բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք տարիներով այդպես էլ մնացել էին անլուծելի:

«Շուրջ մեկ տարի է իրականացվում են գործողություններ` կապված բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ախտորոշման հետ, տրվում են լուծումներ: Հիմնականում ներկայացրել ենք խնդիրների այն փունջը, որոնք առկա են եղել պետական գնումների ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարության հետ, արդեն կան հանձնարարականներ»,- այսօր` հոկտեմբերի 29-ին, «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նա գտնում է, որ սա լավ միջոց է խնդիրները հատկորոշելու և դրանց լուծում տալու տեսանկյունից: Կարեն Զադոյանի համոզմամբ` հարկավոր է նաև հաշվի առնել նոր կառավարության ծրագիրը, որտեղ ամրագրված են ինչպես հակակոռուպցիոն մեխանիզմներ, այնպես էլ բիզնես միջավայրի զարգացմանը միտված դրույթներ. «Ներկայումս կառավարության գործելաոճի տրամաբանության մեջ փոփոխություն է արձանագրվել, կար ժամանակ, երբ հանրային սեկտորի և պետական մարմինների տրամաբանությունն այլ էր, հիմա` այլ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, որպեսզի զարգացնենք բիզնեսը ու հանրությունը տեսնի առաջընթաց իր կյանքում»,- ամփոփեց բանախոսը:

Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջոցներով, համաֆինանսավորվում` «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջնակներում:

«Արդեն հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ինչ-որ եզրակացություններ ունենալ ու հասկանալ, թե արդյոք այս ձևաչափը հաջողության հասա՞վ ու կաշխատի՞ այն, ինչ փորձում էին իրականացնել ամբողջ տարի»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը:

Նշենք, որ բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու համար կազմակերպիչները չեն սահմանափակվել միայն Երևանով, քննարկումներ են ծավալվել նաև մարզերում:

Այսօրվա աշխատաժողովին մասնակցում էին նաև պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ: Նրանցից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը շեշտեց, որ ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ՊԵԿ-ում մեծ կարևորություն է տրվում կոռուպցիայի դեմ պայքարին. «Մեր համար կարևոր է այս ձևաչափով աշխատանքնեը, քանի որ դրանց ժամանակ վեր են հանվում այնպիսի խնդիրներ, որոնք շատ հաճախ մեզ` պետական մարմինների ներկայացուցիչներիս հասանելի չեն»,- փոխանցեց պարոն Մնացականյանը և հավելեց, որ արդյունավետ են եղել նաև նախորդ քննարկումները. «Այդ հանդիպումների արդյունքում ձևավորվել են մի շարք թիրախային հարցեր ու խնդիրներ, որոնք համատեղ ուժերով պատրաստ ենք լուծելու և առաջ գնալու, որպեսզի համակարգից վերանան ռիսկերը»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանի խոսքերով` գերատեսչությունը մեծապես կարևորում է փոխադարձ կապի ապահովումը տնտեսվարողների հետ, այս տեսանկյունից նա արդյունավետ համարեց կազմակերպած աշխատաժողովը. «Այս աշխատաժողովն ու այն որոշումները, որոնք կընդունվեն մեծապես արդիական են ներկայիս տնտեսության պայմաններում»,- շեշտեց նա:

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը, ի թիվս այլ խնդիրների, առանձնացրեց նաև երկուսը` գործարքի գնի մեթոդի կիրառման ու պլանավորման ոլորտում: Բացի այդ, նա խոսեց նաև ակնհայտ կոռուպցիա պարունակող ոլորտներիվ, որոնցից թիրախայինը հարկային տեսուչ և տնտեսվարող կապի շրջանակներում է ձևավորվում. «Ես օրինակ կբերեմ բոլորովին վերջերս արձանագրված դեպքից, երբ տեսուչի կոռուպցիոն գործունեության հետ կապված նրան մեղադրանք առաջադրվեց: Այս խնդիրը դեռևս գոյություն ունի»:

Կոռուպցիա առկա է նաև սուպերմարկետների հետ գործարքներում. «Երբ փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչները, ապրանք արտադրողները այն մատակարարելիս սուպերմարկետների դրդմամբ գնում էին ապօրինի քայլերի: Սուպերմարկետներն ասում էին, որ հաշիվ ապրանքագիր չբերեք, սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- նշեց ոլորտի մասնագետը:

Այս և այլ խնդիրները լուծելու համար հարկավոր է բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել ոչ միայն օրենսդրության, այլ նաև կառավարության որոշումների մշակման գործընթացին:

Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը կարծում է, որ բիզնես միջավայրի և կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ և առաջ պետք է պարզեցնել օրենսդրությունը և վարչարարությունը. «Բարդ ու անհասկանալի օրենքները դժվարացնում են աշխատանքը, կենսական նշանակություն ունի մաքսային վարչարարության պարզեցումը, որքան պարզ է վարչարարությունը, այնքան մարդիկ հեշտ են աշխատում ու կախման մեջ չեն ընկնում մաքսային տեսուչից»,- շեշտեց բանախոսը:

Առանցքային խնդիր է նաև գործարքի գնի կիրառումը, մասնագետն ասում է. «Մաքսային մարմիններն այն չեն կիրառում, ինչը հարված է հասցնում տեղական արտադրողներին»:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ղեկավար Դիանա Սարումովան էլ առաջնային է համարում պետական գնումների ոլորտի կարգավորումը. «Շատ դեպքերում տնտեսվարողներն ասում են` իմաստ չունի դիմել պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար, քանի որ արդեն պարզ է, թե ով է ընտրվելու, իրականում նման խնդիրները չեզոքացնելու համար հարկավոր է գործընթացը դարձնել առավել թափանցիկ»,- իր մտահոգությունը կիսեց տիկին Սարումովան:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը համակարգային զարգացման լավագույն մեթոդը համարում է անձանց փոփոխությունը. «Նույն Վրաստանի օրինակը բերեմ` փոխեցին մարդկանց, փոխվեց իրավիճակը: Մեր դեպքում էլ` փոխեք մաքսայինի աշխատողներին, կլինի դրական առաջընթաց: Եթե մարդ 20 տարի շարունակ կաշառք է վերցրել, ապա ինչ էլ անես արդյունք չի տա, քանի նրան չես փոխում, համակարգը չի կարգավորվի»,- կարծում է պարոն Հարությունյանը:

ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարիամ Զադոյանի խոսքերով` գնումների ոլորտի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոցը իրական սեփականատերերի բացահայտումն է: Նրա փոխանցմամբ` պետական գնումների ոլորտը պետք է հնարավորինս թափանցիկ լինի, ինչը կնվազեցնի նաև օֆշորներից եկող վտանգները:

Տնտեսական հարցերով փորձագետ, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի տվյալներով` գնումների համակարգը խարիսխված չէ ավելի մրցունակ ներքին ստանդարտների ստեղծմանը: Մասնագետն ուսումնասիրել է ու եկել հետրևյալ եզրահանգման` էլեկտրոնային եղանակով իրականացված գնումների մրցույթների 20 տոկոսը չեղյալ է համարվում. «Այս համակարգը վստահելի չէ ու ոչ մատչելի առնվազն ՓՄՁ-ի համար»,- ընդգծեց նա:

Գնումների ոլորտում լրագրողական հետաքննությունների արդյունքում ի հայտ եկած կոռուպցիան ռիսկերի մասին խոսեց Իրավաբան.net կայքի հետաքննող լրագրող Աստղիկ Կարապետյանը:

Այնուհետև ոլորտային կարևորագույն խնդիրներին անդրադարձավ ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը անդրադարձան մենաշնորհներին:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ