Լյովա Սարգսյանի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումի քննությունը։

Դատախազությունը գտնում է, որ բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և նրա ընտանիք անդամներից 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար։ Հայցադիմումի համաձայն՝ օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում: Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել մեկ անշարժ գույք, ավտոմեքենա, առևտրային բանկում առկա ավանդի գումարը՝ 3 միլիոն 500 հազար դոլար:

Iravaban.net-ը հայտնում է, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դիրքորոշում ներկայացրեց հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ մայիսի 5-ին իր ներկայացրած միջնորդության վերաբերյալ։

Փաստաբանը գտնում է, որ դատախազության ներկայացրած հայցադիմումի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմություն, քանի որ իրավասու մարմինը բաց է թողել Լյովա Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը։ 

«Հայցադիմումը համարվում է ներկայացված ոչ թե այն պահից, երբ դատարանին է ներկայացվում «հայց» կամ «հայցադիմում» վերնագիրը կրող փաստաթուղթ, այլ այն ժամանակ, երբ դատարան է ներկայացվում բովանդակային առումով հայցի առարկան և հիմքը պարունակող փաստաթուղթ»,-նշեց նա։

Վահագն Գրիգորյանի խոսքով՝ հայցադիմումը նոր պահանջով կամ փաստական հիմքով լրացված լինելու հանգամանքով պայմանավորված հայցադիմումի ներկայացման ժամկետը պետք է համարվի համապատասխան լրացումը դատարան ներկայացնելու օրը։

«Այս գործով հայցի առարկան փոխելու միջնորդությունը թվագրված է 2022 թվականի դեկտեմբերի 20-ով, ինչը նշանակում է, որ հայցն իր վերջնական առարկայով և հիմքով ներկայացվել է այդ ժամանակ։ Այսինքն, տվյալ դեպքում ուսումնասիրություն սկսելու մասին որոշման կայացման պահի և հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի միջև ժամանակահատվածը գերազանցել է 2 տարին»,-դատարանում հայտարարեց փաստաբանը։

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի մայիսի 25-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել