«Հարգելի դատարան, Դուք օրենքը մեկնաբանում եք` ինչպես ուզում եք»․ Ամրամ Մակինյանը՝ Կարապետ Բադալյանին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 5-ին, քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումը։

Դատախազությունը գտնում է, որ բռնագանձման է ենթակա Լյովա Ազատի Սարգսյանից և նրա ընտանիք անդամներից 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար։ Հայցադիմումի համաձայն՝ օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում: Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել մեկ անշարժ գույք, ավտոմեքենա, առևտրային բանկում առկա ավանդի գումարը՝ 3 միլիոն 500 հազար դոլար:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում քննարկման առարկա դարձավ տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնելու վերաբերյալ ներկայացված բանավոր դիմումը։ Դատավարության մասնակիցները, բացի փաստաբան Ամրամ Մակինյանից, չառարկեցին նիստը տեսանկարահանելու և լուսանկարահանելու դեմ։

Պատասխանող Արմինե Հարությունյանի ներկայացուցիչը հղում կատարեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ կետին, որը սահմանում է․ «Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ»:

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը` լսելով կողմերի դիրքորոշումը, նշեց, որ դատավարության մասնակից միայն մեկ անձի առարկությունը չի կարող խոչընդոտել գործի հրապարակային քննության իրականացմանը։

«Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ կողմերից մեկի առարկությունը բավարար է, որպեսզի դատարանը որոշում կայացնի լրատվամիջոցի միջնորդությունը մերժելու վերաբերյալ, այնինչ դատարանի որոշումը չի կարող կանխորոշվել կողմերից մեկի հայտնած կարծիքով և կաշկանդել մյուսների կարծիքը, որոնք ցանկանում են գործի քննությունը հրապարակային իրականացվի, եթե դրա համար բացառող հանգամանքներ չկան»,-նշեց դատավորը՝ հավելելով, որ միջնորդությունը բավարարվում է մասնակի. միայն Ամրամ Մակինյանին տեսանկարահանելու և լուսանկարահանելու թույլտվություն չտրվեց։

Փաստաբանը փորձեց դիրքորոշում հայտնել դատարանի ընդունած որոշման կապակցությամբ, սակայն դատավորը թույլ չտվեց։

«Հարգելի դատարան, Դուք օրենքը մեկնաբանում եք` ինչպես ուզում եք»,-հայտարարեց Ամրամ Մակինյանը։

Կարապետ Բադալյանը նշեց, որ դատարանն է այդպես մեկնաբանում, հորդորեց հաշտվել դատարանի մեկնաբանության հետ և թույլ չտվեց պատասխանողի ներկայացուցչին շարունակել իր խոսքը։

«Վաղը կարող է որոշեք՝ նիստերին չթույլատրել մասնակցել կամ չթույլատրել իմ վստահորդի շահերը ներկայացնել։․․․Օրենքի Ձեր մեկնաբանությունը տարածական է»,-նշեց փաստաբանը։

Դատավորը նշեց, որ փաստաբանը առարկեց և դատարանն այդ ամենը հաշվի առնելով մանրամասն պատճառանեց այն։ Կարապետ Բադալյանը նշեց, որ որոշումը արդեն կայացված է և փաստաբանի պարտականությունն այն հարգելն է։

Այնուհետև, 3-րդ անձ «Դիպոլ» ՍՊ ընկերության տնօրենը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

«3-րդ անձ ներգրավելու որոշումը, որը ընդունվել է մարտի 15-ին, մարտի 22-ին ընկերությունը ստացել է։․․․Դուք մարտի 22-ից սկսած տեղյակ եք գործի մասին։ Դուք ունեցել եք ավելի քան բավարար ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու համար։ Ձեր միջնորդությունը դատարանը համարում է անհիմն, ոչ հարգելի և մերժում է այն»,-հայտարարեց դատավորը։

Փաստաբան Վահագն Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ ինքը ևս միջնորդություն ունի ներկայացնելու, որը վերաբերում է հայցային վաղեմություն կիրառելուն։

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունում Լյովա Սարգսյանի գույքի և եկամուտների վերաբերյալ ուսումնասիրությունը սկսվել է 2020-ի 7-ին, որը առավելագույնը կարող էր տևել 2 տարի։ Սակայն 2022-ի դեկտեմբերի 20-ին հայցվորը հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդություն է ներկայացրել դատարան․ «2 տարին լրանալուց հետո իրավասու մարմինը դեռևս տեղեկատվություն և տվյալներ է ձեռք բերել ուսումնասիրվող անձից բռնագանձման ենթակա գույքի և դրա ծավալների վերաբերյալ»։

Վահագն Գրիգորյանը գտնում է, որ դատախազության ներկայացրած հայցադիմումի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմություն, քանի որ իրավասու մարմինը բաց է թողել Լյովա Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը հայտարարեց, որ ուսումնասիրության ժամկետը ոչ թե 2, այլ 3 տարի է։ Բացի այդ, հայցադիմումը դատարան է մուտքագրվել 2022-ի սեպտեմբերի 1-ին․ «Բացի այն, որ 3 տարին չի լրացել, կա նաև Քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որում նշվում է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով։ Գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է»։

Վահագն Գրիգորյանը նշեց, որ միջնորդության շրջանակներում ապացուցման է ենթակա ուսումնասիրության մեկնարկի և ավարտի ժամկետները։ Ուսումնասիրությունը սկսելու ամսաթվի վերաբերյալ կողմերը միակարծիք էին, 2020-ի հոկտեմբերի 7-ն է։ Իսկ ավարտը, փաստաբանի կարծիքով, պետք է համարվի այն օրը, երբ իրավասու մարմինը հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդություն է ներկայացրել դատարան, այսինքն՝ 2022-ի դեկտեմբերի 20-ը։

Նիստը հետաձգվեց, նոր նիստի օր նշանակվեց մայիսի 17-ը։

Եվգենյա Համբարձումյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել