Շառլ Միշելը` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման մասին

«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնելու հասնել հարաբերությունների համապարփակ կարգավորման։ Մենք կշարունակենք նպաստել նրանց համատեղ ջանքերին»,-նշել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Լրագրողների հետ զրույցում Շառլ Միշելն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ: Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»:

Եվրոպական խորհրդի կայքում խմբագրվել է Շառլ Միշելի ուղիղ խոսքը․ Ադրբեջանի տարածքը կայքում նախ գրվել է 89 600 քառ․ կմ, ապա՝ 86 600 քառ․ կմ, որը, ինչպես նշել էինք, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափն է։ Հավելենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ներառում է Արցախը (ԼՂԻՄ-ը և 7 շրջանները)։

Շառլ Միշելը հայտնել է նաև, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել