Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը սահամնված է «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածով։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածում վերջին փոփոխությունները կատարվել են 2023 թվականի հունվարի 17-ին։ Օրենքի համաձայն․
1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան (Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը, ով կարող է ուսուցիչ լինել․․․): Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում: