«Երբ ես խոսում եմ՝ լռե՛ք»․ Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների գործով նիստը լարված մթնոլորտում անցավ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

Դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից, նրա կնոջից, մորից, 2 որդիներից և վերջիններիս կանանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ,
  • Մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք,
  • Երևանում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ,
  • 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար),
  • 2 ավտոտնակ։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայցի առարկայի ներկայացումից հետո նիստը հետաձգել էր, որպեսզի գործով պատասխանողները հնարավորություն ունենան դիրքորոշում ներկայացնելու։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում Տարոն Մարգարյանի ավագ որդու կնոջ՝ Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը հայտարարեց, որ նախորդ նիստին չներկայանալու պատճառը այլ դատական նիստերի նշանակումով է պայմանավորված եղել, որի մասին ծանուցել է դատարանին և միջնորդություն ներկայացրել նիստը հետաձգել, որը դատարանը մերժել էր։

Մուշեղ Առաքելյան

«Նախորդ նիստի ձայնագրությունը ուսումնասիրելու արդյունքում պարզել եմ, որ դատարանը միջնորդությունը մերժել է «ողջամտորեն ջանասիրություն գործադրելու» հիմնավորմամբ։ Կխնդրեի դատարանը պարզաբաներ՝ «ողջամտորեն ջանասիրություն գործադրել» եզրույթը ինչպիսի՞ վարքագիծ դրսևորելով է պայմանավորված»,-հարցրեց փաստաբանը։

Կարապետ Բադալյանը նշեց՝ որոշումն ընդունված է և այն պարզաբանելու որևէ ընթացակարգ օրենքը չի նախատեսում։ Մուշեղ Առաքելյանը հայտարարեց, որ նշված եզրույթով իրավական նորմ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում չի գտել, և եթե դատարանը գտնում է, որ որոշումը պարզաբանման անհրաժեշտություն չունի, ապա պետք է մատնանշի իրավանորմը, որով առաջնորդվել է տվյալ որոշումը կայացնելիս։

Դատավորը կրկնեց․ դատական ակտը չի մեկնաբանելու․ «Եվ ես կխնդրեմ՝ չշարունակեք նույն հարցը տարբեր ձևերով բարձրացնելը։ Ակտն ընդունված է այնպես, ինչպես կա։ Փաստաթղթերը, նիստի արձանագրությունը Ձեզ տրվել է։ Չենք քննարկելու այդ հարցն այլևս։ Այլ միջնորդություն ունե՞ք»։

Փաստաբանը ավելացնելու բան ուներ, սակայն դատավորը թույլ չտվեց շարունակել։ Վերջինս կրկին հարցրեց՝ պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ո՞ւնի ներկայացնելու, թե ոչ․ «Ես ակտի քննարկում թույլ չեմ տալիս։ Այն ընդունված է, Դուք պարտավոր եք հարգել։ Շարունակում ենք գործի քննությունը»։

Մուշեղ Առաքելյանը կրկին փորձեց շարունակել ընդունված որոշման մասին քննարկումը, սակայն դատարանը հայտարարեց, որ թույլ չի տալիս։ Փաստաբանն ասաց, որ նման պայմաններում ինքը գտնում է, որ դատարանին բացարկ ներկայացնելու հիմք է առկա և խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել՝ նշված միջնորդությունը ներկայացնելու համար։ Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ օրենսդրությունը պահանջում է բացարկի միջնորդությունը ներկայացնել գրավոր․ «Գրավոր կունենաք, կքննարկենք։ Այլ միջնորդություն ունե՞ք»։ Դատավորը պնդեց, որպեսզի պատասխանողը հայցվոր կողմին տա հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ իր հարցերը։

«Հարգելի դատարան, դատարանի կողմից իմ իրավունքները իրացնելու փաստացի սահմանափակման գործառույթ է իրականացվում։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինքնաբացարկի և բացարկի նորմը հստակ ձևակերպված է։ Եթե ես նախօրոք դիտարկեի, որ պետք է բացարկ ներկայացնեի, բնականաբար, գրավոր միջնորդությամբ կներկայացնեի»,-ասաց փաստաբանը՝ պնդելով, որ ժամանակ տրամադրվի միջնորդության ներկայացման համար։ Դատավորը կրկնեց՝ միջնորդությունը կքննարկվի գրավոր ձևով ներկայացնելու դեպքում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը իր հերթին նշեց, որ պատասխանող կողմը փորձում է արհեստականորեն ձգձգել գործի քննությունը։

Փաստաբանը փորձեց կրկին դիրքորոշում հայտնել, սակայն դատավորն ասաց, որ թույլ չի տվել նրան խոսել։ Մուշեղ Առաքելյանի և Կարապետ Բադալյանի միջև վիճաբանություն սկսվեց․ «Թույլ չեմ տալիս խոսեք»։

Կարապետ Բադալյան

Սկսված վիճաբանությունը շարունակվեց և դատարանը որոշեց դատական սանկցիայի հարցը քննարկել։ Կարապետ Բադալյանը նշեց, որ եթե փաստաբանն ընդունի իր արարքի հակաիրավական բնույթը, ապա դատարանը հարցը սպառված կհամարի։ Մուշեղ Առաքելյանը պնդեց՝ հակաիրավական ոչինչ չի արել։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել և «նկատողություն» հայտարարեց։

Դատավորը պնդեց, որպեսզի պատասխանողը հայցվոր կողմին տա հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ իր հարցերը։ Փաստաբանն ասաց, որ մինչև հարցերը՝ հայտարարություն ունի անելու, սակայն դատավորը թույլ չտվեց, որպեսզի նա շարունակի․ «Ինչի՞ մասին է Ձեր հայտարարությունը»։

-Ձեր կողմից կայացված որոշումների վերաբերյալ,-ասաց փաստաբանը։

-Դատարանը թույլ չի տալիս այդ կապակցությամբ հայտարարություն անել։

-Եվս մեկ բացարկի միջնորդություն եմ ներկայացնում, նման պայմաններում։ Խնդրում եմ՝ որոշում կայացրեք։

-Շարունակելո՞ւ եք․․․

-Այո, հարգելի դատարան, որովհետև Դուք իմ իրավունքները սահմանափակում եք։

Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ բացարկի միջնորդությունը կրկին չի քննարկվելու, քանի որ այն պետք է գրավոր ներկայացվի․ «Դատարանը միաժամանակ Ձեզ զգուշացնում է, որ այն վարքագիծը, որն ուղղված է դատական գործի քննությունը ձգձգելուն, խափանելուն, դատարանի համար անընդունելի է։ Ձեզ զգուշացնում եմ իրավունքները չարաշահելու անթույլատրելիության մասին։ Հիմա հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցեր ունե՞ք հայցվորին»։

Փաստաբանը պնդեց, որ իր իրավունքները իրացնելուց հետո միայն հարցեր կտա հայցվորին։ Ըստ նրա՝ դատարանը դեռ պետք է նրան տրամադրեր իր միջնորդությունները մերժելու որոշումները։

«Եթե Ձեր ամբողջ գործունեությունն ուղղված է դատական նիստը խափանելուն, ապա դատարանը դա թույլ չի տալու։ Երբ ես խոսում եմ, լռե՛ք։ Հիմա ներկայացրեք Ձեր հարցերը»,-ասաց դատավորը։

Սակայն Մուշեղ Առաքելյանը ոչ թե հարցեր ուղղեց հայցվոր կողմին, այլ Կարինե Մարգարյանի մասով գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց։

Նշենք, որ Տարոն Մարգարյանի որդու՝ Անդրանիկ Մարգարյանից և նրա կնոջից՝ Կարինե Մարգարյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող առևտրի և հասարակական կենտրոնը, Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 7-րդ ավտոտնակը և «Տոյոտա կորոլա» տեսակի ավտոմեքենան։ Նշված գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել համապատասխանաբար՝ 295 միլիոն 865 հազար դրամ, 6 միլիոն 50 հազար դրամ և 9 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար։

Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը նշեց՝ «Տոյոտա կորոլա» Կարինե Մարգարյանին է փոխանցել ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ որդին՝ Անդրանիկ Մարգարյանը։ Ամուսիններն առանձին տնտեսություն են վարել, չեն բնակվել Մարգարյանի մոր և հոր հետ․ «Իմ վստահորդը չէր կարող իմանալ, պարտավոր էլ չէր իմանալ մեքենայի ձեռք բերելու միջոցների անօրինականության մասին։ Կարինե Մարգարյանը չի կարող հանդիսանալ ապօրինի գույքի բռնագանձման սուբյեկտ, հետևաբար՝ ներկայացված հայցի շրջանակներում չի կարող ընդգրկվել որպես պատասխանող»։

Դատախազը միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս նշեց, որ օրենքի իմաստով՝ Կարինե Մարգարյանը փոխկապակցված անձ է հանդիսանում։ Ռուզաննա Խուդավերդյանի խոսքով՝ այս հարցը բազմիցս քննարկվել է մինչդատական փուլում և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում։

Բենիկ Գալստյան

Դատական նիստի մեկնարկից մոտ 30 րոպե անց ներկայացավ նաև Տարոն Մարգարյանի և նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը։ Դատարանը նրան ժամանակ տվեց Մուշեղ Առաքելյանի ներկայացրած միջնորդությանը ծանոթանալու համար։ Ընդմիջումից հետո  Գալստյանը դիրքորոշում հայտնեց նշված միջնորդության վերաբերյալ․ «Միջնորդության մեջ նաև առաջարկ է առկա, որ ոչ թե գույքի, այլ դրամական մասով պետք է պահանջ ներկայացվեր։ Այսինքն, այդ պահանջը, ըստ տրամաբանության, ուղղվելու է իմ վստահորդ Տարոն Մարգարյանին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ է հարցը քննարկել իմ վստահորդի հետ։ Եթե բավարարվի միջնորդությունը, ապա լրացուցիչ պահանջ է առաջանալու իմ վստահորդի նկատմամբ»։

Փաստաբանը, ըստ էության, միջնորդեց դատական նիստը հետաձգել։ Դատարանը գտավ, որ միջնորդությունը անհիմն է և որևէ կապ չունի կարճման վերաբերյալ միջնորդության հետ։ Դատարանը մերժեց նաև Կարինե Մարգարյանի մասով գործը կարճելու միջնորդությունը՝ նույն հիմնավորմամբ։

Մուշեղ Առաքելյանը դատական նիստը հետաձգելու ևս մեկ միջնորդություն ներկայացրեց։ Փաստաբանը 16։00-ին «Էրեբունի» նստավայրում դատական նիստի պետք է մասնակցեր։

«Դատարանի համար պարզ չէ, թե ինչու է մեկ այլ գործով դատական նիստը ավելի կարևոր, քան այս գործով դատական նիստը, որը հիմա ընթացքի մեջ է»,-հայտարարեց Կարապետ Բադալյանը՝ հավելելով, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և մերժեց այն։ Փաստաբանը ժամանակ խնդրեց՝ իր բացակայության մասին տեղյակ պահելու համար, նիստը 10 րոպեով ընդմիջվեց։

Ընդմիջումից հետո Առաքելյանը փորձեց անդրադառնալ կարճման միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը, սակայն դատավորը թույլ չտվեց ու կրկին հարցրեց․ «Հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցեր ունե՞ք»։

Փաստաբանը հայտարարեց, որ ձեռագիր գրված բացարկի միջնորդություն է ներկայացնում դատարանին․ «Ինչ հնարավորություն ունեցել եմ, գրավոր գրել եմ։ Խնդրում եմ՝ քննարկեք»։

Դատավորը հարցրեց՝ կողմերին տրամադրվե՞լ են օրինակները։ Փաստաբանը նշեց, որ չեն տրամադրվել․ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման պարտավորություն չի դրել ինձ վրա։ Սա իմ սուբյեկտիվ իրավունքների իրացումն է»։

Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ դատական նիստի ընթացքում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճեները․ «Քանի որ պարոն Առաքելյանը հրաժարվեց կատարել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պահանջը և միջնորդության օրինակ տրամադրել գործին մասնակցող մյուս անձանց, դատարանը որոշում է միջնորդությունը չքննել։ Հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցեր ունե՞ք»։

Մուշեղ Առաքելյանը հայտարարեց, որ մինչև հարցերին անցնելը ևս մեկ միջնորդություն պետք է ներկայացնի, որը վերաբերում էր Կարինե Մարգարյանի մասով պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելուն և արագացված դատաքննություն կիրառելուն։ Դատարանը, կողմերի դիրքորոշումը լսելուց հետո, որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը․ «Դատարանը գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու համար որևէ հիմք և անհրաժեշտություն չի տեսնում։ Հիմա, հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցեր ունե՞ք»։

-Արդեն 2 ժամ է՝ դատարանի այդ հարցադրմանը պատասխանում եմ, որ՝ այո, բազմաթիվ հարցեր ունեմ։

-Տվե՛ք։

-Կոլեգաս դիրքորոշում ունի հայտնելու։

-Դատական նիստի կարգը որոշում է նախագահող դատավորը։ Հիմա հարցեր տալու Ձեր հերթն է։ Եթե չեք ուզում հարցեր տալ, էդպես ասեք։

-Ես չասացի, որ չեմ ուզում հարցեր տալ։

-Ուրեմն՝ հարցեր տվեք։

Առաքելյանը ժամանակ խնդրեց դատարանից, դատարանը նրան 2 րոպե ժամանակ տվեց։

Բենիկ Գալստյանը հայտարարեց, որ մինչև հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցերին անդրադառնալը ցանկանում է հայտարարել, որ նախորդ նիստի վերաբերյալ ինքը չի ծանուցվել, ներկա չի գտնվել հայցի հիմքի և առարկայի ներկայացմանը․ «Ինչպե՞ս է իրականացվել նախնական դատական նիստը՝ իմ բացակայության պայմաններում։ Իմ՝ նախորդ դատական նիստին գտնվելը համարվել է «ոչ հարգելի՞»»։

Դատավորը հայտարարեց, որ փաստաբանը կարող է ծանոթանալ գործի նյութերին, հուզող հարցերի պատասխանները ստանալ, քանի որ դատարանը պարզաբանում չի տրամադրելու․ «Հիմա հարցերի փուլն է, երբ կարող եք հարցեր տալ հայցի հիմքի, առարկայի վերաբերյալ»։

Բենիկ Գալստյանը պնդեց՝ ծանուցված չի եղել նախորդ նիստի վերաբերյալ։ Նա միջնորդեց, որպեսզի դատախազը նորից ներկայացնի հայցի հիմքը և առարկան։

-Հիմքը և առարկան ներկայացվել են։ Հիմա այն փուլն է, որ կարող եք հարցերի տալ հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ։ Եթե հարցեր չունեք՝ ասեք դատարանին։

-Հարցերին չանդրադարձա, որովհետև նիստ է կայացել առանց իմ մասնակցության․․․

-Նստե՛ք։

-․․․Առանց ինձ ծանուցելու։

-Չէ, թույլ չեմ տալիս շարունակեք։ Նստե՛ք։

-Հարգելի դատարան, Ձեր թույլտվությամբ․․․

-Չէ, թույլ չեմ տալիս։

-Հարգելի դատարան, հայտարարություն ունեմ անելու դատարանի գործողությունների հետ կապված։

-Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս դատարանի գործողությունների վերաբերյալ հայտարարություն անել։ Նստե՛ք։

-Հարգելի դատարան, Ձեր թույլտվությամբ․․․

-Ոչ, թույլ չեմ տալիս։

-Ուզում եմ միջնորդություն ներկայացնել։

-Ինչի՞ վերաբերյալ։

-Միջնորդություն եմ ներկայացնում, որպեսզի հնարավորություն տաք ծանոթանամ նախորդ դատական նիստում տեղի ունեցած գործողություններին։

Դատարանը կրկին մերժեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը․ «Հարցեր ունե՞ք հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ»։ Բենիկ Գալստյանը պնդեց՝ ներկա չի եղել նախորդ նիստին և կրկին միջնորդություն ներկայացրեց իրեն ողջամիտ ժամանակ տրամադրելու՝ դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Դատարանը կրկին մերժեց բացարկի միջնորդություն ներկայացնելու համար նիստը հետաձգելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։

«Ես գտնում եմ, որ հայցի հիմքերը և առարկան դատարանում պատշաճ չեն ներկայացվել, նշված նիստին ես ներկա չեմ գտնվել, որովհետև ծանուցված չեմ եղել»,-նշեց փաստաբանը։

Դատավորը հայտարարեց՝ քանի որ կողմերը այցի հիմքերի և առարկայի վերաբերյալ հարցեր չտվեցին, դատարանն անցնում է դատավարական հաջորդ փուլին, այն է՝ պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը։ Փաստաբաններն ընդդիմացան, սակայն դատավորը շարունակեց։ Դատարանին էր ներկայացվել Տարոն Մարգարյանի մոր՝ Սուսաննա Մարգարյանի ներկայացուցչի առարկությունները հայցի հիմքերի և առարկայի վերաբերյալ։ Տիգրան Աբգարյանը ներկա չէր դատական նիստին։ Պատասխանողների՝ նիստին ներկա ներկայացուցիչները հայտնեցին, որ չեն ստացել Տիգրան Աբգարյանի կողմից ներկայացված պատասխանը։

Դատարանը նշեց, որ պատշաճ ծանուցումներ են ուղարկվել և դատարանն իր պարտականությունը կատարել է։ Մուշեղ Առաքելյանը պնդեց, որ ոչ ինքը, ոչ իր վստահորդները չեն ստացել Սուսաննա Մարգարյանի ներկայացուցչի առարկություններին։ Դատարանը մոտ 30 րոպեով ընդմիջեց նիստը, որպեսզի փաստաբանը ծանոթանա դրանց։

Ռուզաննա Խուդավերդյան

Նիստի մեկնարկից հետո փաստաբանը հայտարարեց, որ պատասխանի հետ կապված միջնորդություն ունի անելու։ Ըստ նրա՝ «հայցի ծավալի վերաբերյալ խնդիրներ կարող են առաջանալ»։ Նշենք, որ միջնորդությունը դատարանում չներկայացվեց։ Մուշեղ Առաքելյանը կրկին լրացուցիչ ժամանակ խնդրեց առարկություններին գրավոր անդրադառնալու համար։ Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը՝ նշելով, նշված հանգամանքների վերաբերյալ պատասխանողը դիրքորոշում կարող է հայտնել համապատասխան դատավարական փուլում։ Մուշեղ Առաքելյանը կրկին նույն միջնորդությունը ներկայացրեց, դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ դեմ չէ։

«Դատարանը Ձեզ ժամանակ է տրամադրել, որպեսզի ծանոթանաք առարկություններին և Ձեր առարկությունները ներկայացնեք դատարանին։ Նույն հիմքով՝ դատարանը  միջնորդությունը չի քննարկում, թողնում է առանց քննության։ Դուք արդեն կրկնում եք նույն միջնորդությունը»,-հայտարարեց դատավորը՝ հավելելով, որ դատարանը անցնում է դատավարական հաջորդ փուլին, այն է՝ պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը։

Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ կան գույքեր, որոնք գրավադրված են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում և բանկին ծանուցելու անհրաժեշտություն է տեսնում։ Պատասխանողները դեմ չէին։ Դատավորը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և բավարարեց այն։

Դատավարական հաջորդ փուլը վերաբերում է վիճելի իրավահարաբերության բնույթի պարզմանը։ Կողմերը դրա վերաբերյալ դիրքորոշում չունեին։ Հաջորդ փուլը վերաբերում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցի քննությանը։ Կողմերը կրկին դիրքորոշում չհայտնեցին։

Հաջորդ փուլով դատարանը պարզում է՝ հայցվորը պնդու՞մ է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյո՞ք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանու՞մ արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը։

Դատախազը չբացառեց վեճը հաշտության համաձայնությամբ լուծելու տարբերակը, սակայն նշեց, որ այժմ նման բանակցություններ չեն ընթանում։ Պատասխողները նույնպես չբացառեցին, սակայն նշեցին՝ պետք է իրենց վստահորդների հետ քննարկեն։ Դատարանը հիշեցրեց, որ կողմերը կարող են ցանկացած փուլում հաշտություն կնքել։

Աշխատանքային օրը մոտեցավ ավարտին և դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Երկար քննարկումից հետո որոշում կայացվեց հաջորդ դատական նիստը նշանակել ապրիլի 25-ին։

Ամփոփելով՝ նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց պատասխանող կողմի ներկայացրած 9 միջնորդությունը, 3-ը թողեց առանց քննարկման։ Նիստի ընթացքում դատարանն անցավ 6 դատավարական փուլ՝ հասնելով գործին մասնակցող անձանց հետ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակի քննարկմանը։ Բացի այդ, առնվազն մեկ տասնյակ անգամ դատարանում հնչեց «Հարցեր ունե՞ք հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ» նախադասությունը։

Եվգենյա Համբարձումյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել