3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը փետրվարի 20-ին ձերբակալվել էր։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ Խաչատուրովի ձերբակալումը կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։ Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի միջնորդություն՝ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով:
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի։
Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, հայտարարագրել է․
- 2 բնակարան,
- Lexus RX 400 H մակնիշի ավտոմեքենա,
- 500,000 դրամ,
- 4,255,908 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։
Արդեն 2017 թվականի տարեկան հայտարարգրի համաձայն՝ Խաչատուրովի եկամուտները կազմել են 6,309,780 դրամ։
2018 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը՝ 500․000 դրամ, եկամուտները կազմել 6,206,508 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2019 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ բնակարաններից մեկը միանձնյա սեփականություն է, որը 2004 թվականին նվիրատվություն է ստացել։ Այն գտվում է Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Մյուս բնակարանը Լոռու մարզում է՝ Վանաձորում, համատեղ սփականություն է, գնվել է 2016 թվականին։ Իսկ Lexus մակնիշի մեքենան 2007 թվականի թողարկման է, որը գնել է 2016 թվականին։ Նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ՝ 500․000 դրամ, եկամուտը կազմել է 8,699,098 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2020 թվականին Գրիգորի Խաչատուրովի դրամական միջոցները կազմել են 550․000 դրամ, եկամուտը՝ 7,295,986 դրամ։
2021 թվականին՝ նախագահի հուլիսի 7-ի հրամանագրով ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Պաշտոնը դադարեցնելիս ներկայացրած հայտարարգրում նրա անշարժ և շարժական գույքում որևէ փոփոխություն չի եղել, դրամական միջոցները մնացել են նույնը՝ 550․000 դրամ, եկամուտը՝ 4,946,556 դրամ ստացված աշխատավարձից։
——————————————
Գրիգորի Խաչատուրովի կինը՝ Մարինա Խաչատուրովայի 2017-18 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։ 2019 թվականին նա հայտարարագրել է 2016 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերած բնակարանը՝ Վանաձորում։ 2020, 2021 թվականների հայտարարգրում այլ բան լրացված չէ։
——————————————
Գրիգորի Խաչատուրովի որդու և դստեր՝ Յուրի Խաչատուրովի և Էվելինա Խաչատուրովայի 2017-2021 թթ․ հայտարարագրերում ոչինչ նշված չէ։