Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, ներկայացրել է 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորը բնակվում է կնոջ՝ Հասմիկ Պետրոսյանի հետ, վերջինս զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականը, ընտանիքի մյուս անդամների՝ Արտուշ Բաբայանի և Անահիտ Գյուրջյանի հետ։ Արտուշ Բաբայանը «Լյուքս Անահիտ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Անահիտ Գյուրջյանը՝ փոխտնօրենը։
Արսեն Բաբայանը ապրում է ընտանիքի անդամների հետ, նա հայտարարագրել է իր հորը պատկանող Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարան, 1 ավտոմեքենա՝ Lexus մակնիշի (2002 թ․), որը գնվել է 2015-ին։
Նա հայտարարագրել է թանկարժեք գույք՝ 2 կտավ-նկար, որոնք ձեռք է բերել 1990 թվականին, յուրաքանչյուրի արժեքը՝ 5 միլիոն 500 հազար դրամ։
Տարվա սկզբում Բաբայանը բանկերից մեկում ունեցել է 519 հազար 323 դրամ, որը տարվա վերջում նվազել է՝ կազմելով 507 հազար 101 դրամ։ Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 2 միլիոն 100 հազար դրամ, որը տարվա վերջում ավելացել է՝ դառնալով 2 միլիոն 700 հազար։
Նա հայտարարագրել է եկամտի միայն մեկ աղբյուր՝ իր աշխատավարձը, որը կազմել է ընդհանուր 15 միլիոն 527 հազար 599 դրամ։
2024-ի ընթացքում հանգստի համար ծախսել է 3 միլիոն 950 հազար դրամ։ Արսեն Բաբայանը նաև ՀՀ դատավորների միության անդամ է։
Նրա կինը՝ Հասմիկ Պետրոսյանը, հայտարարագրել է 2 բնակարան, որոնցից մեկը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին, մյուսը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, գնվել է 1998 թվականին, 2 անշարժ գույքերին էլ տիրապետում է միանձնյա։
90 օրից ավելի տիրապետել է անհատական բնակելի տան, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Տարվա սկզբում բանկում ունեցել է 13 հազար դոլարի չափով ավանդ, որը տարվա վերջում կազմել է 7000 դոլար, և ևս 12 հազար դոլար գումար, որը տարվա վերջում չի փոխվել։
Բանկերից մեկում տարվա սկզբում ունեցել է 152 հազար 253 դրամ, դրա ծագման աղբյուրը գաղտնի է, որը տարվա վերջում նվազել է՝ կազմելով 70 հազար 560 դրամ։ Նա ունեցել է նաև 818 դոլար, որը տարվա վերջում կազմել է 1400 դոլար։
Հասմիկ Պետրոսյանն ունեցել է կանխիկ տրամ՝ 3200 դոլար, որը տարվա վերջում կազմել է 2250։ Ավանդների դիմաց ստացած տոկոսի չափը կազմել է 800 դոլար, դա նրա հայտարարագրած միակ եկամտի աղբյուրն է։
Նշենք, որ նա սկզբում զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի (2010 հուլիսի 23), այնուհետև խորհրդականի պաշտոնը մինչև 2022 թվականի մարտի 15-ը։
Դատավորի հայրը՝ Արտուշ Բաբայանը, հայտարարագրել է 1 անշարժ գույք Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը տնօրինում է միանձնյա, նվիրատվության կարգով ստացել է 2006-ին։ Նրան է պատկանում «Լյուքս Անահիտ» ՍՊԸ-ի 80 %-ը։
Տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի թողարկման Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2010-ին։ Նա տարվա սկզբում ունեցել է 600 հազար դրամ, այն տարվա վերջում կազմել է 800 հազար։ «Լյուքս Անահիտ» ՍՊԸ-ից ստացել է 900 հազար դրամ եկամուտ։
Դատավորի մայրը՝ Անահիտ Գյուրջյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, տարվա ընթացքում առկա կանխիկ դրամը՝ 1 միլիոն, «Լյուքս Անահիտ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձը՝ 269, 480 դրամ։
Մարիամ Շահնազարյան