Գլխավոր դատախազությունը ներկայացուցչական ծախսերի համար մեկ անձից գնման ընթացակարգով մի շարք գնումներ է կատարել։ Iravaban.net-ն ուսումնասիրել է նոյեմբեր ամիսն կատարված գնումները՝ առանձնացնելով դրանցից մի քանիսը։
Նոյեմբերի 18-ին դուրս գրված ապրանքի մատակարարման հարկային հաշվի համաձայն Գլխավոր դատախազությունը «Ռիվոլի դե լյուքս» ՍՊԸ-ից հուշանվեր զարդատուփ է գնել ու հուշանվեր նկար։ Զարդատուփի արժեքը կազմել է 20․000 դրամ, նկարինը՝ 13․600 դրամ։ Ընդհանուր գնման արժեքը կազմել է 33․600 դրամ։
Նոյեմբերի 22-ին դուրս գրված ապրանքի մատակարարման հարկային հաշվի համաձայն Գլխավոր դատախազությունը «Սայն էքս» ՍՊԸ-ից ձեռք է բերել Մխիթար Գոշի կերպարը՝ տպագրված նկարչական կտավի վրա, իր փայտե շրջանակով, չափսը՝ 42․5 x 62.5: Այս գնումն արժեցել է 58․000 դրամ։
Նոյեմբերի 22-ին դուրս գրված ապրանքի մատակարարման հարկային հաշվի համաձայն «Վիկտորիա Սուքիասյան» ԱՁ-ից ձեռք է բերվել փոքր տուփով չրերի հավաքածու, արժեքը՝ 16․000 դրամ։
Նույն օրը «Վուդ դեկոր» ՍՊԸ-ից գնել է 22 հատ տուփ, յուրաքանչյուրի արժեքը՝ 5․000 դրամ, ընդհանուր՝ 110․000 դրամ։
Նոյեմբերի 22-ին Գլխավոր դատախազության կողմից դուրս գրված ապրանքի մատակարարման հարկային հաշվի համաձայն գնում է կատարվել «Արտույտ» ՓԲԸ-ից։ Դատախազությունը գնել է մետաքսե շարֆ՝ «Հայկական միջնադարյան գրատառեր»՝ 100 տոկոս բնական մետաքսից, 90/90 չափսով։ Այն արժեցել է 69․900 դրամ։
Նոյեմբերի 24-ին դուրս գրված ապրանքի մատակարարման հարկային հաշվի համաձայն էլ Գլխավոր դատախազությունը «Էյ դաբլյու այ գրուպ» ՓԲԸ-ից գնել է AW 1364 V4 մոդելի ձեռքի ժամացույց։ Արժեքը կազմել է 42.000 դրամ։
«Գնումների մասին» օրենքը 23-րդ հոդվածի համաձայն սահմանված է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները։ Հոդվածի համաձայն՝
1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`
1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.
2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.
3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`
ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, և
բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.
4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.
5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Լուսանկարում պատկերաված ապրանքները կարող են նույնությամբ չհամընկնել գնված ապրանքատեսակների հետ