Որո՞նք են տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները․ քանի՞ տարեկանից սկսած անձը կարող է վարորդի թեկնածու դառնալ 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված օրենքի համաձայն՝ վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:

1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված հակացուցումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։

1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

1.2. «A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:

1.3. «A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`

1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).

2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.4. Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ներքին գործերի լիազոր մարմնի կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին դիմումը ներկայացնելու պահին:

1.5. Բժշկական հավատարմագրման պահանջագրի և առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

1.6. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ներքին գործերի լիազոր մարմին ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:

1.7. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

1.8. Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ներքին գործերի լիազոր մարմնին և ոստիկանությանը:

Հովդվածում նշվում է նաև, որ գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:

Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:

Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:

Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել