Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անեկդոտ է պատմել արևմտյան պատժամիջոցների մասին, որը լսել է Գերմանիայի իր ընկերոջից և հորդորել եվրոպացիներին և ամերիկացիներին չհավատալ Ռուսաստանի թշնամությանը: Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ընտանիք։ Տղան հարցնում է հորը՝ հայրիկ, ինչո՞ւ է այսքան ցուրտ։ Հայրը պատասխանում է՝ որովհետև Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Երեխան հարցնում է՝ իսկ մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ։ Հայրն ասում է՝ մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք կիրառել։ Ինչո՞ւ,-հարցնում է տղան։ Որ նրանց համար վատ լինի,-ասում է հայրը։ Իսկ մենք ինչ է, ռո՞ւս ենք,-զարմանում է երեխան»։
Բացի այդ, նախագահը խորհուրդներ է տվել եվրոպացիներին ու ամերիկացիներին։
«Ինչ վերաբերում է մեր ուղերձին արևմտյան երկրների շարքային քաղաքացիներին, ես ուզում եմ ասել՝ ամենագլխավորը․ պայքարեք ավելի բարձր աշխատավարձի համար։ Սա առաջինն է։ Երկրորդը, մի՛ հավատացեք, որ Ռուսաստանը ձեր թշնամին է կամ նույնիսկ հակառակորդը։ Ռուսաստանը ձեր ընկերն է»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում։
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: