ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Արշադին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ մի շարք արևմտյան երկրներ փորձում են քաղաքականացնել կանանց իրավունքների հարցը՝ աջակցելով Իրանում անկարգություններին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Իրանում մեկ ամիս շարունակ անկարգություններ են, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ կապված ոստիկանության կողմից բերման ենթարկված իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան հետ։ Բողոքի ակցիաներ և անկարգություններ են տեղի ունենում հիմնականում Գիլան, Խուզեստան, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Քրդստան նահանգներում։
«Արևմտյան որոշ երկրներ, չարաշահելով (խոսելու) հնարավորությունը այս հանդիպման ժամանակ, անհիմն մեղադրանքներ են հնչեցրել իմ երկրի հասցեին: Մենք դատապարտում ենք այդ մեղադրանքները, որոնք ոչ այլ ինչ են, քան կանանց իրավունքների (հարցը) քաղաքականացնելու փորձ»,- Արշադիի խոսքերն է մեջբերում ILNA-ն:
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով մարդու իրավունքների հարցում արևմտյան երկրների կեղծավորությունն ու երկակի ստանդարտները, Իրանը չի համարում,որ նրանց հայտարարությունները «բխում են բարի նպատակներից»: