Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը։ Գրում է РИА Новости-ն։
Թուրք առաջնորդը նշել է, որ զգացել է Զելենսկու՝ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու մտադրությունը, նրա խոսքով՝ Զելենսկու կողմից որևէ խոչընդոտ չկա։
«Երեկ նրա հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ հասկացա, որ նա ևս ցանակնում է լուծել ստեղծված ճգնաժամը։ Մենք հույսը չենք կորցնում: Մենք հուսով ենք, որ երկու առաջնորդների հանդիպումից հետո մենք կշարունակենք խաղաղության ճանապարհը»,-ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ նա հավատում է, որ աշխարհում պարտվողներ չեն լինի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։