Ինչ լիազորություններ ունի ՀՀ վարչապետը՝ պաշտպանության ոլորտում

«Պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) համակարգում է պետական կառավարման մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում.

2) Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջարկություններ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

3) պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է միջազգային հարաբերություններում.

4) Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի և (կամ) զինված հարձակման դեպքում՝

ա. հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ,

բ. քննարկում է պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը,

գ. կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին,

դ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով իրավիճակի մասին իրազեկում է դաշնակից և գործընկեր պետություններին,

ե. իրականացնում է սպառնալից իրավիճակից բխող այլ անհրաժեշտ գործողություններ.

5) պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ.

6) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել