Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն Անկարայի ու Աթենքի միջև առկա լարվածության թեմայով նամակ է գրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Այս մասին տեղեկանում ենք Еrmenihaber.am-ից։
Թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, հղում անելով հունական մամուլին, գրում է, որ այդ նամակում Անկարային լարվածությունը թուլացնող քայլերը դադարեցնելու և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ ուղերձ է հղվել:
Բորելը նամակում շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ: Խոսվել է նաև այդ կղզիների վրայով թուրքական ռազմական ինքնաթռների թռիչքների մասին: Թուրքիան «զգուշացվել է» նաև հռետորաբանությունը կոշտացնելու համար:
Բորելը նամակում ընդգծել է նաև, որ բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային ծանծաղուտի սահմանազատումը պիտի իրականացվի բարեխիղճ երկխոսության միջոցով՝ լիովին հարգելով միջազգային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու միակ ճանապարհը վեճերի համար խաղաղ լուծում գտնելն է, այդ թվում՝ դիմելով միջազգային համաձայնագրերին և Հաագայի միջազգային դատարանին: