Սեպտեմբերի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի։ Այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ զինվորները, սպաները, բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար ու պետք է հարգանքի տուրք մատուցելով զոհված զինվորներին ու սպաներին, ընդգծի, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը ու քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ ՀՀ-ն ունի ու կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։