Մեզ դեռ պետք է պայքարել հաղթանակի համար, բայց ուկրաինացիները կարող են հպարտանալ իրենցով, իրենց երկրով և իրենց հերոսներով։ Այս մասին ուղերձ է հղել Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին, որում ասվում է․
«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք նոր շաբաթվան, որը շատ կարևոր է բոլորիս, մեր երկրի համար։ Առջևում մեր դրոշի օրն է, մեր անկախության օրն է։ Առջևում Ուկրաինայի ազատության համար պատերազմի վետերանների հիշատակի օրն է։
Եկեք հիշենք նրանց, որոնց կյանքը դարձել է մեր ազգային պատմության մի մասը, որը երբեք չի կարող ջնջել ոչ ոք՝ ոչ մի թշնամի։
Հաջորդ շաբաթ, ինչպես միշտ, նախատեսվում են կարևոր բանակցություններ և Ուկրաինայի իսկական ընկերների այցեր։
Շուտով պատերազմի 6 ամիսը կլրանա։ Պատերազմ, որը փոխեց ամեն ինչ Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի համար։ Իհարկե, այդ մասին պատմելու ժամանակ կլինի։ Եվ մանրամասն կպատմենք։ Բայց եկեք այսօր էլ մտածենք, նայենք, գնահատենք մեր անցած ճանապարհը։
Հիշում եմ լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերը, հիշում եմ, թե այն ժամանակ ինչ էին ինձ ասում ու խորհուրդ տալիս զանազան «խորհրդականներ»։ Գիտեմ, որ նրանցից շատերը հիմա ամաչում են խոսքերից, որ ասել են այն ժամանակ։
178 օրվա ընթացքում, ուկրաինացիներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդն անպարտելի է, մեր պաշտպաններն՝ անպարտելի։ Եվ ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր ցույց տվեցին իրենց ուժն այս ընթացքում, շնորհակալություն բոլորին, ովքեր կռվեցին և կռվում են Ուկրաինայի համար, շնորհակալություն բոլորին, ովքեր կռվում և օգնում են մեր զինվորներին, մեր պետությանը։
Մենք միշտ ասել ենք ու ազնվորեն ասում ենք՝ հանուն Ուկրաինայի հաղթանակի դեռ պետք է պայքարել, դեռ շատ բան է պետք անել։
Այս ուժը միշտ եղել է և կլինի՝ քանի դեռ մենք հավատում ենք ինքներս մեզ, քանի դեռ պահպանում ենք մեր միասնությունը, քանի դեռ պայքարում ենք Ուկրաինայի համար։
Թշնամու առանցքային խնդիրներից է մեզ՝ ուկրաինացիներիս, նվաստացնելը, արժեզրկել մեր հնարավորությունները, մեր հերոսներին, տարածել հուսահատություն, վախ։
Մենք բոլորս պետք է բավականաչափ ուժեղ լինենք դիմակայելու թշնամու ցանկացած սադրանքին, որքան անհրաժեշտ է, որպեսզի օկուպանտները պատասխան տան իրենց բոլոր հարվածների համար։ Բոլորս պետք է այնքան ուժեղ լինենք, որ դիմանանք և գնանք մինչև ուկրաինական հաղթանակ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: