Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կողմերին կոչ անելով երկու զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։
«Վերահաստատում ենք բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների: Դա վերաբերվում է նաև Լաչինի միջանցքին, որի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա, որը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերաբաշխմամբ այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը:
Նրա խոսքով՝ բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով: