Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել կամ վիրավորվել է 70-80 հազար ռուսաստանցի զինվորական, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը՝ ընդգծելով, որ խոսքը մարտի դաշտում ինչպես զոհվածների, այնպես էլ վիրավորների մասին է․ «Այս թիվը կարող է մի փոքր ավելի ցածր կամ բարձր լինել, բայց ես կարծում եմ, որ սա որոշակիորեն համապատասխանում է իրականությանը»։
Ընդ որում, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ չնայած այդ «նշանակալի կորուստներին», Ռուսաստանը չի հասել իր նպատակներից որևէ մեկին, որոնց մասին փետրվարի վերջին Ուկրաինա ներխուժման ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մոսկվան և Կիևը չեն բացահայտում պատերազմում զոհերի թիվը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ այդ մասին հայտարարել է մարտի 25-ին։ Այդ ժամանակ նշվում էր 1351 զոհի և 3825 վիրավորի մասին։ ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստացի սկսել է մարդուժի կորուստներ չունենալ՝ փոխելով Ուկրաինայում մարտական գործողությունների վարման մոտեցումը։