Դատավճիռն արդեն պատրաստ է և դրված է հարգարժան դատարանի դարակներից մեկում․ Ավետիք Չալաբյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

«Մեղադրական եզրակացությունն, ըստ էության, անբովանդակ է, զուտ մեղադրանք է, այստեղ ապացույց չկա և հանցակազմ գոյություն չունի: Այն, ինչ ենթադրում է 236-րդ հոդվածի 2-րդ կետը՝ նյութապես շահագրգռել՝ հավաքին մասնակցելու համար, եթե նույնիսկ վերանանք նրանից, որ  հակասահմանադրական է, ժողովրդավարական երկրների օրենսդրության մեջ այդպիսի նորմ գոյություն չունի և այլն, այլ այդպիսի նորմ գյություն ունի միայն ժողովրդավարական բաստիոն հանդիսացող Հայաստանի չգիտեմ ինչում․․․ Եթե նույնիսկ վերանանք դրանից, ապա նույնիսկ այդ նորմի տրամաբանությամբ չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես․ այդ հանցակազմը բացակայել է: Նախաքննական վարույթ իրականացնող մարմինը պարզապես չի փորձել տրամաբանորեն կառուցել այն շղթան, որը բերում է հանցակազմի: Հանցակազմը բացակայում է, ուստի նույնիսկ խոսք չկա մեղադրանքն ընդունելու կամ չընդունելու մասին։ Մեղադրանքն աբսուրդային է, բնականաբաչ չեմ ընդունում»,- իր խոսքում ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա նաև նշեց, որ ուշադրությունից դուրս է մնացել այն հանգամանքը, որ իրեն և քաղաքացի Էմմա Սարգսյանին առաջադրվել է նույն մեղադրանքը, սակայն նրա նկատմամբ խափանման այլ միջոց է ընտրվել, այնինչ ինքը՝ կալանավորված է։ Նրա խոսքով՝ Էմմա Սարգսյանին թույլատրվել է այլևս չհաճախել դատական նիստերին, իսկ ինքը ստիպված է լինում ամեն անգամ ոստիկանական ՈՒԱԶ-ով դժոխային, մահաբեր ճանապարհ անցնել՝ 1 ժամ։

«Ես ենթադրում եմ, ավելի ճիշտ դա իմ ներքին համոզմունքն է, որ դատավճիռն արդեն պատրաստ է և դրված է հարգարժան դատարանի դարակներից մեկում, այդ դատավճռով, նույն տրամաբանությամբ, Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիճը, իսկ ես՝ հնարավոր ամենածանր պատիժը»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա հայտարարեց, որ սա դատավարություն է՝ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի, իսկ Էմմա Սարգսյանն այստեղ պատահական մարդ է։ Չալաբյանը առաջարկեց նաև հումանիստ լինել և Էմմա Սարգսյանի վրայից մեղադրանք առհասարակ հանել՝ հաշվի առնելով, որ միայնակ մայր է, իր խնամքին ունի երեխա։ Իրեն կարող են ներգրավել որպես վկա, ինչը շատ ավելի արդար կլինի։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել են Քննչական կոմիտե. «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։

———————————

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել