Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները կարող են տևել մոտվոր 2-3 օր, այս մասին JNEWS-ին հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից:
Հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Վնասվել է մինչև 80 մետր ճանապարհ՝ Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի սահմանի միջև գտնվող չեզոք գոտում:
Առավոտվանից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն արգելված է։ Դարիալի կիրճում ստեղծված բարդ օդերևութաբանական իրավիճակի պատճառով սահմանին մաքսային հսկողության ընթացակարգերը դադարեցվել են։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։