ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվելու է Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին։ Այս մասին նա ասել է Politico-ի կազմակերպած քննարկման ժամանակ, փոխանցում է Украинская правда-ն:
Ջոանը նշել է, որ գագաթնաժողովին առաջին անգամ կմասնակցեն ՆԱՏՕ-ի գործընկերները Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից։
«Իհարկե, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, բաց դռների քաղաքականությունը կլինի քննարկման կարևոր թեմա: Հուսով ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան կհամալրեն մեր շարքերը: Եվ, իհարկե, մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինայի հարցում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին այս կամ այն կերպ ներկա կլինի Մադրիդում կայանալիք մեր գագաթնաժողովին»,- ասել է Միրչա Ջոանը։
Ավելի վաղ Europa Press-ը, հղում անելով Իսպանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Իսպանիան ծրագրում է Զելենսկիին պաշտոնական հրավեր ուղարկել հունիսի 29-ից 30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։