Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարություն է արել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ Քալընի՝ հնարավոր նոր օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ոչ-մեկի թույլտվության կարիքը չունի:
Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արևմտյան ու արևելյան հատվածների վերաբերյալ, այնուամենայնիվ «ահաբեկչության վտանգն ամբողջովին չի վերացել»:
Ըստ Քալընի՝ նման ռազմական գործողությունը Թուրքիայի օրինական իրավունքն է, քանի որ դրանով լուծվում է սահմանային անվտանգության հարցը:Նկատենք, որ Թուրքիան մինչև այժմ քրդական ուժերի դեմ Սիրիայում իրականացրել է 3 խոշոր ռազմական գործողություն, որոնց հետևանքով Սիրիայի մի շարք շրջաններ դուրս են մնացել քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»: