Ուռուցքի հեռացման բարդ, կոմբինացված ծանր վիրահատություն է կատարվել՝ 8 ժամ տևողությամբ․ Խաչատուր Բադալյանը՝ վիրահատության մասին

Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանն օրերս բարդ և հազվադեպ վիրահատություն է կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, խոսքը երիտասարդ տղայի ամորձու ուռուցքի հետևանքով ամորձու հեռացումից հետո մեկ այլ՝ կոմբինացված վիրահատության մասին է։

Խաչատուր Բադալյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է, որ մետաստազների տարածվածություն է եղել որովայնի խոռոչում, հետորովայնամզային տարածությունում․ այս ախտահարումն ազդել է երիկամի վրա ու մեծ, կոմբինացված վիրահատության կարիք է առաջացել, հեռացվել է կոնգլոմերատը՝ երիկամի հետ միասին։

«Այս դեպքում շատ կարևոր է ճիշտ կազմակերպել բուժումը, եթե ճիշտ է արվում, բուժումը լիարժեք է լինում՝ մարդիկ առողջանում են։ Մի հետաքրքիր փորձ կա՝ դրական ելքով, հիվանդներին հուսադրելու համար․ խոսքը ամորձու ուռուցքով հեծանվորդի՝  Լենս Արմսթրոնգի մասին է, որը ժամանակին աշխարհի չեմպիոն էր եղել։ Նա վիրահատվել էր, քիմիաթերապիա ստացել, բուժում ստացել որովայնում առկա հանգույցների հետ կապված, վիրաբուժական բուժման ֆոնի վրա լրիվ առողջացել ու դրանից հետո նորից աշխարհի չեմպիոնի տիտղոսը  նվաճել։ Նշանակում է՝ այս ամենն արդյունավետ է այնքան, որ մարդը լիարժեք կարողացել է կյանքին վերադառնալ։

Ավելի զարգացած երկրներում, ժամանակակից բժշկության զարգացմամբ, կան պատրաստված մասնագետներ, սարքավորումներ, որ հնարավոր են դարձնում նման կոմբինացված վիրահատություններ կատարելը պաթոլոգիաների ժամանակ, երբ մի օրգանի ախտահարումը համակցվում է մյուս օրգանի հետ։ Ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց, ցավոք սրտի, ինչ ես տեսնում եմ Հայաստանում՝ թե՛ մասնագիտական մակարդակը չի համապատասխանում, թե մոտեցումները չեն արվում այնպես՝ ինչպես ընդունված է արտասահմանում։

Ինձ դիմած երիտասարդին ասել էին, որ հնարավոր չէ որևէ բան անել, տարածված ուռուցք է, ինքն էլ երիտասարդ տղա է, ցավային սինդրոմ ուներ, խնդիրներ ուներ ու մերժվել էր։ Բայց կոմբինացված բուժումը բերեց արդյունքի։ Ամորձին հեռացրեցինք, հետո քիմիաթերապիա անցկացրեցինք, դրա ֆոնի վրա կար մասնակի դրական արդյունք, ու երկրորդ փուլով կատարվեց մեծ վիրահատություն՝ ենթաորովայնային տարածության ուռուցքային մասսայի կոնգլոմերատի հեռացում»,-մանրամասնեց պրոֆեսորը։

Խաչատուր Բադալյանը նշում է, որ խնդիրը նրանում էր, որ կոնգլոմերատը գտվում էր միջաորտալ տարածությունում ու ներաճում որովայնի հետին պատին, ընդգրկում հետորովայնամզային տարածությունը, շատ մոտ էր ենթաստամոքսային գեղձի մարմնի պոչին, խնդիր կար միզածորանի հետ և շատ մոտեցած էր փայծախին, ձախ երիկամին։ Նրա խոսքով՝ երբ ոչ փորձառու մասնագետը նման իրավիճակ է տեսնում, որն ահռելի մեծ ծավալ է՝ ավելի հեշտ է լինում ասել՝ չէ, հնարավոր չէ անել, քան գնալ մեծ, ծանր վիրահատության ու ներվիրահատական հնարավոր մեծ խնդիրների առաջ կանգնել։

«Մեզ մոտ մեծամասամբ ընդունված է, որ եթե բարդություններ է առաջացած լինում,՝ մերժում են, ասում՝` հնարավոր չէ։ Մեր մասնագիտական ոչ բարձր մակարդակի պատճառով շատ մարդիկ, ցավոք սրտի, չեն բուժվում, օգնություն չեն ստանում»,-նշում է նա։

Վիրահատությունը տևել է 8 ժամ, ամբողջը կատարել է Խաչատուր Բադալյանը, միայնակ, քանի որ փոխարինող մասնագետ չկա, ինչը Հայաստանում առաջնային խնդիր է։

«Վիրահատության սկզբից մինչև վերջ էքստրեմալ իրավիճակ ու ընդմիջելու հնարավորություն չկար, ֆիզիկապես չէի կարող հեռանալ, որովհետև հեռանալուց հետո փոխարինող խմբի ներկայությունն է կարևոր, որև չկա»։

Բժիշկը կատակում է՝ վիրահատությունից արդեն 4 օր է անցել և պացիենտը շուտով դուրս կգրվի, իսկ իր մեջքի ցավը դեռ չի անցել։

Արյան կորուստը եղել է մոտ 250 մլ, հաշվի առնելով նաև այն, որ ուռուցքը ներգրավել էր նաև աորտան, սակայն հնարավոր է եղել պահպանել նաև աորտան։

Խաչատուր Բադալյանը նաև նշում է, որ ճիշտ կլիներ, եթե առանձին կենտրոններ, թեկուզ Ուռուցքաբանության կենտրոնում, առաջատար հիվանդանոցներում լինեին բարձր մակարդակի պատրաստված մասնագետներ՝ ծանր, կոմբինացված վիրահատությունները ճիշտ կազմակերպելու համար։

«Եթե պետք լիներ՝ մենք պետք է պատրաստ լինեինք երիկամի հեռացման, պետք լիներ՝ ենթաստամոքսային գեղձի մարմնի պոչի հեռացմանը և այլն․ յուրաքանչյուր դեպքում խումբը պետք է պատրաստ լիներ ցանկացած փոփոխությունների։

Ես առողջապահության կազմակերպիչներին, առողջապահության նախարարությանը կոչ կանեի՝ գործունեության որոշակի ուղղություններ, բարդ ծառայությունների դեպքում, օրինակ՝ օնկոլոգիան, երբ ծանր պաթոլոգիաներ են լինում, պետք է լիցենզավորել 8-9 առանձին պաթոլոգիաների բուժման թույլտվության համար։ Ոչ թե վերցնել ընդհանուր օնկոլոգիայի բուժման համար լիցենզիա տրամադրել, այլ լիցենզիա տրամադրել օնկոլոգիայի որևէ պաթոլոգիայի բուժման համար, օրինակ՝ լյարդի վիրհատության լիցենզիա, ենթաստամոքսային գեղձի բուժման լիցենզիա, որովհետև մասնագետը պետք է ունենա համապատասխան որակավորում ու այդ մասնագետի ներկայությամբ միայն բժշկական կենտրոնը իրավունք ունենա զբաղվելու այդ պաթոլոգիաների բուժմամբ։ Բայց մենք ցավալի վիճակ ունենք․ բուժհիմնարկն ունենում է օնկոլոգիայի լիցենզիա ու ցանկացած օնկոլոգիայով ու պաթոլոգիայով հիվանդ գնում է այտեղ ու մեծ մասամբ մերժվում, որովհետև մասնագետները չգիտեն, թե ինչպես բուժեն, մի քիչ բարդություն են տեսնում՝ հրաժարվում են, ասում են հնարավոր չէ ու վերջ։ Բայց այդ «հնարավոր չէ»-ն մեծ մասամբ բերում է նրան, որ մարդիկ առանց բուժման են մնում, եթե այլ հնարավորություն չեն ունենում ուրիշ տեղ բուժում ստանալ։

Ամորձիների քաղցկեղը հիմնականում երիտասարդների մոտ է հանդիպում և այստեղ շատ կարևոր հարց է լինում նաև հետագայում սերունդ ունենալու հնարավորության դիտարկումը։

«Եթե հնարավոր է լինում՝ նախապես վերցնում են սերմանբջիջները, սառեցնում՝ հետագայում արհեստական բեղմնավորմամբ սերունդ ստանալու համար։ Հետվիրահատական շրջանում, եթե քիմիաթերապիայի ստացումից հետո ամեն ինչ անցնում է, լինում է որոշակի դրական արդյունք, մարդն առողջանում է, ավելի ուշ՝ ընդհանուր ընդմիջումից հետո կարելի է վերադառնալ նորից սերունդ տալու հարցին։

Պետությունը շատ բաներում է պետք է որոշակի պայմաններ ապահովի, սերմնաբջիջները սառեցնելու հարցում՝ հետագայում օգտագործելու համար, քանի որ մարդիկ ի վիճակի չեն կազմակերպել այդ ամենը, սառեցնելու, պահելու համար բավական թանկ են վճարում, ինչի համար շատերը պատրաստ չեն։ Մեր երկրում, ցավոք սրտի, պետական մակարդակով մոտեցում չկա՝ մարդու առողջության և առհասարակ հասարակության անդամի նկատմամբ առավելագույնն անելու պատրաստակամություն՝ սերունդ տալու ֆունկցիան պահմանելու համար»,-նշում է պրոֆեսոր Բադալյանը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել