Իրազեկում՝ զինվորական ծառայության տեսակների և ժամկետների վերաբերյալ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվա են զինվորական ծառայության տեսակները և ժամկետները։

Իրավաբան.net-ը հայտնում է․ որ հոդվածի համաձայն․

1. Զինվորական ծառայության տեսակներն են`

1) ժամկետային.

2) պահեստազորային.

3) զորահավաքային:

2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից:

3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`

1) շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար՝ 3 տարի.

Նշենք, որ 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, շարքային կազմի այն պարտադիր զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.

3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

5. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։ Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

6. Ուսումնառության ընթացքում իր դիմումի համաձայն կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու հիման վրա ռազմաուսումնական հաստատությունից ազատվելու կամ անբավարար առաջադիմության կամ կարգապահական տույժի պատճառով հեռացված 18 տարին լրացած քաղաքացին ուղարկվում է շարունակելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի (Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը) 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունից ազատված քաղաքացու ուսման, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողի նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմաուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված քաղաքացիները հաշվառվում են իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

7. Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ` օրենքով սահմանված կարգով, պայմաններով և ժամկետներով: Այլընտրանքային ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված է․

Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին:

8. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

9. Պահեստազորային զինվորական ծառայություն է համարվում պահեստազորի պատրաստության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը:

10. Զորահավաքային զինվորական ծառայություն է համարվում օրենքով սահմանված դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում զորահավաքային զորակոչի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Զորահավաքային զինվորական ծառայությունն իրականացվում է մինչև զորահավաք հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքի` օրենքով սահմանված կարգով դադարեցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել