Ընկերս վիրավոր գնացել էր կռվելու, այդ վիճակում կյանք է փրկել․ Զավենը զոհվել է արկի պայթյունից

Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Զավեն Ստեփանյանի հայրը՝ Հովիկ Ստեփանյանը պատմում է, որ որդին պատրաստ էր գնալ ծառայության՝ իր պարտքը տալու հայրենիքին։

«Տղաս շատ նպատակներ ուներ, բիզնես էր ուզում սկսել, մեքենա գնել։ Ասում էր՝ ամեն ինչ անելու եմ մերս, ոչ մի բանի կարիք չեք ունենալու»,-պատմում է մայրը՝ Լիանա Վարդանյանը։

Զավենը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ծառայել է Մարտակերտում, 4 ամիս անց տեղափոխել են Մատաղիս։

«Հետո սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը։ Ինքը մեկ ամիս անցել է թոհուբոհի, կրակների միջով։ Կռվել է ամենաթեժ կետերում տեսել է ամեն ինչ»,-նշում է հայրը։

Ծնողների խոսքերով՝ իրենք հետո են իմացել, որ իրենց զավակը ամենաթեժ կետերում կռիվ է տվել, իրենց միշտ ստել է, ասել՝ թաքստոցում են և իրենց վտանգ չի սպառնում։

Մայրը ցավով նշում է, որ Զավեն իմացել է իր ամենամոտ ընկերոջ մահվան լուրը, հետո մյուս ընկերն է զոհվել, որի հուղարկավարության ժամանակ էլ հայտնել են Զավենի զոհվելու լուրը։

Ընկերը՝ Գևորգ Սրապյանը պատմում է, որ Զավենը կրծքավանդակից վիրավորում է ստացել, մի քանի օր Ստեփանակերտի հիվանդանոցում է անցկացրել, հետո վերադարձել է մարտի դաշտ։

«Ասաց՝ երդվի, որ տնեցիքիս չես ասի, ես էլ չկարողացա ասել։ Ընկերս վիրավոր գնացել էր կռվելու։ Վիրավոր վիճակում մարդ է հանել փոսի միջից։ Փրկված տղայի քույրն է ինձ զանգել, ասում էր, որ եղբայրը տեսել է Զավենի նկարները ու իմացել, որ զոհվել է ու սկսել է լաց լինել ու ասել, որ իր կյանքը Զավենն է փրկել»,-նշում է նա։

Զավեն Ստեփանյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 26-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ արկի պայթյունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել