Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսնակ Օկսանա Զինովևան հերքել է Կիևի շրջափակման մասին իր ղեկավարի հայտարարությունը:
Խոսնակը հայտնել է, թե քաղաքապետը առաջիկայում տեսաուղերձ կհղի:
Րոպեներ առաջ Կլիչկոն տելեգրամյան իր ալիքում հայտարարություն է տարածել և Կիևի բնակիչներին հորդորել է հաջորդ գիշերն անցկացնել ապաստարաններում։
«Այս գիշեր կրկին դժվար է լինելու, հետևաբար, մեր պաշտպանները պատրաստվում են պաշտպանել մայրաքաղաքը, և ես կոչ եմ անում կիևցիներին այս գիշերն անցկացնել ապաստարաններում:
Թշնամին կրակում է խաղաղ բնակչության տների ուղղությամբ, շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները։ Թեպետ ինքն էլ մեծ կորուստներ է կրում՝ թե՛ մարդկային, թե՛ ռազմական տեխնիկայի առումով։ Կարծես թե, ռուսները չէին սպասում նման հակահարվածի և ուկրաինացի ժողովրդի նման ոգու՝ ե՛վ ռազմական, և՛ քաղաքացիական»:
Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչոն Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը անհնար է:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ պատրաստվո՞ւմ են էվակուացնել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»: