Բելառուսից Ուկրաինայի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռներ են արձակվել․ Украина сегодня

Օկուպանտները Բելառուսի տարածքից «Իսկանդեր» հրթիռներով հարվածել են Ուկրաինային, փոխանցում է Украина сегодня-ն։

Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«Դա տեղի է ունեցել 17։00-ին մոտ (Երևանի ժամանակով 19։00-ին)։

Տեսանկարահանումը կատարվել է Ռովենսկայա շրջանից։ Սա՞ է ձեր զինադադարը»,-նշել է նա իր գրառման մեջ ու կից տեսանյութ հրապարակել։

Ավելի ուշ Գերաշչենկոն հայտնել է, որ «Իսկանդերով» հարված է հասցվել Ժիտոմիրի օդանավակայանին։

«Գիտե՞ք դա ինչ է նշանակում։ Լուցկի, Ռիվնեի և Ժիտոմիրի շրջանները պետք է պատրաստվեն, առաջիկա օրերին «տապակել» ոչ միայն ռուս, այլև բելառուս զավթիչներին»,-գրել է նա։

Украина сегодня-ն հայտնում է, որ ավելի վաղ Բելառուսից գնդակոծվել էր Վոլինի շրջանի Վլադիմիր քաղաքի մոտ գտնվող զորամասը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել