Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց ազդեցությունը, Գերմանիան իրեն իրավունք է վերապահում նոր պատժամիջոցներ կիրառել, տաբուներ չեն լինի, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ֆոնդային բորսան կորցրել է ավելի քան 30 տոկոս, ինչը ցույց է տալիս, որ պատժամիջոցները գործում են։ Մենք պահպանում ենք հետագա պատժամիջոցների իրավունքը՝ առանց որևէ տաբուի», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագի արտակարգ նիստում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ի վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնություն են խնդրել իրենցից։
Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Պուտինը հրամանագրեր է ստորագրել՝ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։
Ի պատասխան՝ արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել երկրի դեմ: Ռուսաստանի մի քանի խոշոր բանկեր, այդ թվում՝ Սբերբանկը և ՎՏԲ-ն, հայտնվել են նոր սահմանափակումների տակ։ Պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանին բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարման համար։ Գերմանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրումը։ Մեծ Բրիտանիան փակել է թռիչքները ռուսական «Աերոֆլոտ»-ի համար: Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի անջատումը SWIFT-ից՝ որպես պատժամիջոց՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։
Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ նախօրոք պատրաստել են գործողությունների ծրագիր՝ պատժամիջոցների նոր ալիքի դեպքում և ցանկացած անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն սահմանափակումների տակ հայտնված բիզնեսներին՝ ապահովելով տնտեսության անխափան գործունեությունը։