Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն: Այս մասին ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը և առաջարկել բանակցությունների համար այլ երկիր։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։
Աելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայի պատվիրակությունն արդեն Գոմելում է։
Պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների, ինչպես նաև պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչներ։
Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ իրենք նախապատրաստել են հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ և այժմ զբաղված են արարողակարգային հարցերի լուծմամբ:
Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությանը ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։
Ավելի ուշ Պեսկովն ասել էր, որ ուկրաինական կողմը հայտարարել է Մինսկում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու գաղափարի վերանայման մասին՝ ընտրելով Վարշավան:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։